Նորքի տուն Ինտերնատն է։ 207 բնակիչ ունի տուն- ինտերնատը։ Հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից, իսկ արցախյան վերջին պատերազմից հետո նաև Արցախից տարբեր պատճառներով այստեղ են ապրում տարեց այս մարդիկ։ Մարդկային տարբեր ճակատագրեր, տարբեր պատմություններ և բացառապես մեկ նմանություն ունեն այստեղ ապրող տարեց մարդիկ, նրանք մնացել են միայնակ։ Մեկին սեփական զավակը չի ցանկանում պահել, մյուսին՝ խորթ երեխաները, երրորդը առհասարակ հարազատներ չունի։
Մառուսյա տատիկը տուն- ինտերնատի հնաբնակներից է։ 1985 թվականից այստեղ է ապրում։ 83 տարեկան է, բայց ինչպես ինքն է ասում, եթե տեսողությունը մի փոքր չխանգարեր իրեն, շատ երիտասարդներից ոչնչով չէր զիջի։ Փոքրիկ այս սենյակում է օրվա մեծ մասն անցկացնում։ Տուն- ինտերնատի աշխատակիցների ուղեկցությամբ հաճախ է շուկա գնում, առևտուր անում, չի սիրում, որ սառնարանը դատարկ է լինում, սենյակի մաքրությունն էլ անձամբ է անում։ Ասում է ամեն ինչ պետք է մաքուր ու կոկիկ լինի։ Ինչու է այստեղ հարցին պատասխանում է, հանգամանքների բերումով։ Ծանր կյանք է ունեցել։ Սեփական երեխաներ չունի, խորթերի հետ էլ ինչպես ինքն է ասում յոլա չի գնացել և հետևաբար 37 տարի առաջ կյանքը նրան ստիպում է քայլերն ուղղել Նորքի տուն- ինտերնատ։
Արարատ Բաղդասարյանն էլ վեց տարի է արդեն այստեղ է ապրում։ Ծնունդով Մարտունուց է, բայց 30 տարի ապրել է Վայոց ձորում, որտեղից էլ հետո տեղափոխվել է տուն ինտերնատ։ Աշխատակիցներից գոհ է, տուն- ինտերնատի պայմաններից ևս։ Ասում է հասակիցների հետ նարդի ու շախմատ են խաղում, գրադարանից օգտվում, բայց ամենաշատը ոգևորել է թատերական խմբակի ստեղծումը։ Չորս տարի առաջ հիմնված խմբակը արդեն իսկ մի քանի ներկայացում է բեմադրել։ Արարատ Բաղդասարյանն էլ մարմնավորել է Ձախորդ Փանոսի կերպարը, խաղացել Տաքսի- տաքսի ներկայացման մեջ։ Ներկայացումները տուն- ինտերնատի պատերի ներսում միայն չէ, որ սահմանափակվում է, հյուրախաղերով նաև Վանաձորում ու Գյումրիում են եղել։ Հարազատների հետ կապ ունի, սկզբում տուն-ինտերնատ տեղափոխվելու պատճառների մասին չի ցանկանում խոսել, բայց զրույցի ընթացքում ասում է, մի երկու բառով կներկայացնի իրավիճակը։
Գալյա Առաքելյանը 63 ռարեկան է, այստեղ ապրում է հինգ տարի։ Հարազատներ ունի, տղան ՌԴ-ում է ապրում, աղջիկը՝ Հայաստանում։ Ասում է մշտապես կանչում են, բայց ինքը չի ցանկանում գնալ, այստեղ հարմարվել է։ Շուտ է արթնանում, մի փոքր բակում զբոսնում, հետո անցնում առօրյային։ Ամուսինը մահացել է։ Տիկին Գալյայի առաջին ու միակ սերն է եղել։ Բանաստեղծություններ է գրում, ինքն էլ ասմունքում։ Հերթականը նվիրում է երջանկահիշատակ ամուսնուն։
Մուրադյան Եկատերինան էլ 83 տարեկան է։ Երեք երեխաների մայրը միայնակ է մնացել։ Սկզբում ապրել է որդիներից մեկի տանը, բայց հետո հարսը հայտարարել է տարեց կինն այլևս իրենց տանը տեղ չունի։ Մյուս որդին Ստեփանավանում է ապրում, բայց սոցիալական պայմանները լավը չեն, մորը պահել չի կարող։ Երրորդ որդին էլ Ռուսաստանի Դաշնություն է ապրում։ 8 Թոռ ու 3 ծոռ ունի, բոլորին էլ կարոտում է, ցավոք հաճախ տեսնել չի կարողանում։
Կյանքի հանդեպ չարացած չէ, վիրավորված է։ Մի բան է խնդրում Աստծուց, նույն բախտին արժանանա այն հարսը, որի պատճառով ինքը հայտնվել է տուն-ինտերնատում։ Ասում է, իր տեղն էլ է այստեղ լինելու։ Տուն-ինտերնատի բնակիչների հետ համերաշխ ապրում է, փորձում՝ առօրյան հետաքրքիր դարձնել։ Ու չնայած այն հանգամանքին, որ սեփական զավակները պետության հոգացությանն է թողել իրենց տարեց ծնողներին, միևնույնն է վերջիններս շարունակում են աղոթել իրենց որդիների համար, պաշտպանել նրանց։ Պաշտպանողական բնազդն է աշխատում, մեկնաբանում է տուն-ինտերնատի հոգեբանը։
Աննա Խեչիկյանի խոսքով, ցավոք իրականությունը բոլորովին այլ է։ Կյանքի տխուր պատմություններն այստեղ ավելի շատ են։ Կան տարեցներ, որոնք ընդհանրապես այցելուներ չեն ունենում, ամենապայծառ ու լուսավոր օրն էլ լինում է այն ժամանակ երբ, այստեղ ապրողներից որեւէ մեկի զավակը որոշում է տանել իր ծնողին, բայց դարձյալ ցավալիորեն նմանատիպ դեպքերը քիչ են լինում։
Տուն-ինտերնատի ամենատարեց բնակիչը 97 տարեկան է։ Պայմանավորված հանգամանքով, որ վերջինս առողջական խնդիրներ ուներ, չհամաձայնեց տեանկարահանվել, բայց ինչպես տուն-ինտերնատի աշխատակիցներն են ասում առիթներ դեռ կլինեն։ Միմյանց խոստացել են 100-ամյակ են նշելու։ Այս պատերի ներսում մարդկային տխուր ճակատագրեր են, յուրաքանչյուրն ապրում է անցյալի հիշողություններով, օրը լուսացնում միմյանց որպիսությունը հարցնելով, ուշադիր լինելով, որ բոլորը պարտադիր իրենց տեղում լինեն։
Ու թերեւս օրվա մեջ գոնե մեկ անգամ առանձնանում են, մեկը՝ պատուհանից է նայում, երկորդը՝ բակի աստիճանների մոտ սպասում։ Հնարավոր է տուն-ինտերնատ մուտք գործողը հենց իր զավակը լինի։