00:00:00

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

14:16, 02 հուլիս 2022 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Մխիթարյանի պայմանագրի մասին դեռևս այլ մանրամասներ չկան:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

 

2019 թվականից խաղում էր Հռոմի «Ռոմայում»: Ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:

 

2021/2022 մրցաշրջանում դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

 

Նա խաղացել է եվրոպական բարձրագույն ակումբներում՝ հանդիսանալով «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ, 2017 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակչում դարձել է գոլի հեղինակ՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։

 

2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016 թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

 

Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) Մխիթարյանը հանդես է եկել նախ երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

 

Հենրիխը ՀՀ նախագահի կողմից ստացել է  առաջին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար և 10 անգամ ճանաչվել է Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։

 

Նա տիրապետում է 6 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն), իսկ այժմ սովորում է իտալերեն։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր