00:00:00

«Արտյոմը սիրած աղջիկ ուներ, ասում էր, որ դառնամ 20 տարեկան, պիտի ամուսնանամ, շատ երեխաներ եմ ունենալու». 18-ամյա հերոսի պատմությունը

23:24, 09 հունիս 2022 Քաղաքականություն

2020թ. օգոստոսին բանակ զորակոչված 18-ամյա Արտյոմ Տեփանյանը, դեռ զինվորական կյանքին չընտելացած, մասնակցեց Արցախյան պատերազմին: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը շրջափակման մեջ ընկնելով՝ կռիվ է տվել թշնամու դեմ:

«Արտյոմը Ստեփանակերտի «ՑՈՐ»-ի զորամասում էր ծառայում, ծառայությանը շատ արագ հարմարվեց: Շատ էր ուզում Արցախում ծառայել, ասում էր՝ ես Արցախում պիտի ծառայեմ… էդպես էլ եղավ: Ես էլ նեղանում էի, ասում էի՝ լավ էլի, այ Արտյոմ ջան, ի՞նչ ես խոսում: Շատ արագ վաստակեց հրամանատարների սերն ու վստահությունը: Առողջական խնդիրներ ուներ, բայց անգամ չէր ուզում լսել էդ մասին, ասում էր՝ գնալու եմ ծառայեմ, ես հայրենիքիս պարտքը պիտի տամ:

Պատերազմի օրերին գրեթե ամեն օր ժամը 9-ին զանգում էր, ասում էր՝ մամ, պապ, չմտածեք,  ես շատ լավ եմ, դուք ձեզ նայեք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Տեփանյանի քույրը՝ Հեղինե Սարգսյանը:

Եղբայրը սիրած աղջիկ ուներ, ասում էր, որ դառնամ 20 տարեկան, պիտի ամուսնանամ, շատ երեխաներ եմ ունենալու, նպատակները շատ էին, բայց միայն հայրենիքին պարտքը տալուց հետո նոր Արտյոմը հանգիստ խղճով դրանք պիտի կյանքի կոչեր:

«Մեկ-մեկ ասում եմ՝ երանի փոքր լինեինք, չորսս իրար հետ, արդեն երկու տարի է մեր եղբայրը մեզ հետ չէ, դա անբացատրելի ցավ է, մեր  կորուստն անդառնալի է: Աշխույժ էր, անելանելի վիճակից էլ ելք կգտներ:

Վերջին անգամ առաջին հրադադարի օրն է զանգել՝ հոկտեմբերի 10-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է  լինելու, դուք մի անհանգստացեք: Դրանից հետո ոչ մի լուր չունեինք… շատ ենք փնտրել եղբորս, մեզ ասում էին՝ բունկերների մեջ է, հետո ասացին, որ անտառներում են: Եղբորս ծառայակից ընկերները զոհվել են, բայց մի վիրավոր տղա կար, ում հետ կապի մեջ էի, որ Արտյոմից ինչ-որ տեղեկություն իմանամ:

Ասում էի՝ դու Արտյոմին տեսե՞լ  ես, ասում էր՝ չէ, ես տեղեկություն չունեմ, ինձ էդպիսի հարցեր մի տվեք:

 

Քույրս ասում էր՝ կտեսնեք, որ Արտյոմը գերի է, ես ասում էի՝ եթե գերի լիներ, ողջ լիներ, մի ձևով մեզ իմաց կտար: Արտյոմը շատ ժիր էր, ինչ անելանելի վիճակում էլ հայտնվեր, միշտ մի ելք կգտներ: Ասում էի՝ չէ, Էլմիրա, մեր ախպերը գերի չէ, որովհետև մի լուր չեղավ»,- պատմում է հերոսի քույրը:

Արտյոմի մարմինը հարազատներին է հանձնվել 2021թ.-ի նոյեմբերի 30-ին, երբ թշնամին վերադարձրեց Ստեփանակերտի «ՑՈՐ»-ի զորամասի հրետանավորների մարմինները:

 

Արտյոմ Արտակի Տեփանյանը ծնվել է 2002թ. հունիսի 5-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում: Արտյոմը ընտանիքի 4-րդ զավակն էր, ունի երկու քույր և մեկ եղբայր:

 

2020թ. օգոստոսին բանակ է զորակոչվել, ծառայել է «ՑՈՐ»-ի զորամասում, միացել է Արցախի համար մղվող մարտերին, զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Ջուվառլու կոչվող տեղանքում. հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր