00:00:00

Դժգոհությունների առիթ դարձած «Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառը հանվել եւ փոխարինվել է նորով

23:09, 09 հունիս 2022 Քաղաքականություն

«Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառը, որում պատկերված ռուս դերասանները իրենց մերկ մարմինները ծածկել են լավաշով, բուռն քննադատության է արժանացել Հայաստանում։ Ներկայացումը ռուսական է, այն ներկայացվելու է հունիսի 17–ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ներկայացման աֆիշը, սակայն, դժգոհության ալիքից հետո հանվել է եւ փոխարինվել այլ պաստառով։

 
 
 

NEWS.am-ի հետ զրույցում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադառնալով բարձրացված աղմուկին՝ ասաց.

«Մեր գործընկերները սխալվել են, մեզ հետ չեն համաձայնեցրել էլեկտրոնային աֆիշը, սխալն արդեն շտկվել է եւ այն հանվել է։ Իրենք մեզ ներկայացրել են, որ ներկայացումը կատակերգական է, մենք ինչո՞ւ պետք է դահլիճը չտրամադրենք այդ ներկայացման համար։ Մենք բանավոր համաձայնության էինք եկել, ընթացքում որոշակի խախտում է եղել, մեր գործընկերները ներողություն են խնդրել ու խնդիրը շտկել են։ Չարժե այս հարցը դարձնել հայոց հարց»։

Նշենք, որ ներկայացումը տեղի էր ունենալու ռուսական «ТНТ» հեռուստաընկերության դերասանների մասնակցությամբ։

Ավելի վաղ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածվել։

«Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը եւ գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետեւաբար պաստառի էսքիզը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ թատրոնի համաձայնությունը»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր