ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը, դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Քաղաքացին կարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, եթե արդեն իսկ առկա է Առողջապահության նախարարի հրամանը։
Վերոնշյալ հրամանից հետո միայն շահառու ծնողներից մեկը կարող է գրավոր դիմել՝ ներկայացնելովշահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նույնականացման քարտ կամ ՀՀ անձնագիր),հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը,
արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պատճենը, եթե փոխհատուցվում է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսը՝ փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը և փոխնակ մոր հետ կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենը, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո), հայտարարություն այն մասին, որ դիմող շահառու ծնողը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե,զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ նաև զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք փոխնակ մոր ծառայությունից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ առանց արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի:
Այս դեպքում փոխհատուցման առավելագույն չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն 750 հազար դրամը, իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը չեն փոխհատուցվում: Փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողներից մեկը կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ներկայացնելով շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր) պատճենը, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը, եթե փոխնակ մայրը հղի է, ապա փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը և փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենը, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո), հայտարարություն այն մասին, որ դիմող շահառու ծնողը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե, զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը կամ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ։
Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները: