«Կանխիկի շրջանառության կրճատումը մեր բարեփոխումների կարևոր ուղղություններից է: Մեր նպատակն է, որ 2022թ. հուլիսի 1-ից բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառքը կանխիկով հնարավոր չլինի իրականացնել: Ենթաօրենսդրական ակտերով այս ամենը պետք է ապահովենք: Այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ կանխիկ վճարումներով գործարք լինի, այսինքն՝ չարձանագրվի անկանխիկ փոխանցումը, կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետը՝ հավելելով. «Որևէ մեկը չմտածի՝ ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, հակառակը»:
Նա անդրադարձել է նաև կանխիկ եղանակով խաղադրույք կատարելու արգելքին. «Վերջերս օրենք ընդունեցինք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումն օն-լայն հարթակներում: Իմ ուշադրությունը գրավում է այն, որ ի հեճուկս նրա, որ պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, թաքնված գովազդի օրինակներ տեսնում ենք: Պետք չի, որ վարչապետը կամ փոխվարչապետը նկատեն, զանգեն, ասեն.... գտե՛ք ձևերն ու թաքնված գովազդները վերացրե՛ք»: