Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, խոսելով հավաքների ժամանակ ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման մասին, հայտարարեց, որ բոլոր դեպքերն ուսումնասիրվում են․ «Հիմա էլ օրինակ ոստիկանությունում մոտ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել։ Այդ գործերից մի մասով ոստիկանները որպես տուժող են անցնում, նախաքննություն է դեռ գնում, չեմ կարող բան ասել»։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ 10 հոգով մի հոգու են բերման ենթարկում, Մովսիսյանը նշեց՝ եթե քաղաքացին չի ենթարկվում ոստիկանին, ոստիկանները տեղում որոշում են կայացնում։
Իսկ ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ կիրառվող ուժին, փոխոստիկանապետն ասաց՝ իսկ ներողություն, անչափահասն ինչ գործ ունի այդտեղ։
Կոնկրետ մի անչափահասի հիվանդանոց տեղափոխվելու մասով փոխոստիկանապետն ասաց, որ հետաքրքրվել են, լուրջ բան չկա․ «Անձամբ ես եմ հետաքրքրվել։ Ցույց են տվել զուտ առաջին օգնություն, բայց ոչ մի կոտրվածք չի եղել»։
Նա հայտնեց, որ հիվանդանոց է տեղափոխվել 6 ոստիկան, 5 քաղաքացի, ոստիկաններից մեկի մոտ կա կողերի կոտրվածք։