00:00:00

Բերման ենթարկելիս կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ. ՄԻՊ-ի դիտարկումները՝ երեկվա միջադեպի մասին

13:24, 31 մայիս 2022 Քաղաքականություն

Մայիսի 30-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։

Իրականացված արագ արձագանքման և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկման

արդյունքում արձանագրվել է հետևյալը.

1. Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։

Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում, նախորդիվ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, ովքեր արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։ Ոստիկանության բաժիններում քաղաքացիների կողմից համատարած կերպով բարձրացվել է ոստիկանության ծառայողների կողմից գլխին տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։

Մարդու իրավունքների Պաշտպանը կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը։

Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո։ Ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

2. Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։

Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունք է և ժողովրդավարական գործընթաց, որի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական խաղի կանոններին։

3. Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։

Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը հատկապես այն հաշվառմամբ, որ վերջիններիս չեն կարող ձերբակալել կամ ազատությունից զրկել (բացառության հանցագործության կատարման պահին կամ անմիջապես հետո), իսկ այս դեպքում, պատգամավորների նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը նույնիսկ չի կարող հիմնավորվել վերջիններիս բերման ենթարկելու անհրաժեշտ նվազագույն ուժ կիրառելու պատճառաբանությամբ։ Ուստի, Ոստիկանության ծառայողներից պահանջվում է բացառել նման դեպքերը և գործել բացառապես օրենքի սահմաններում։

Ավելին, նախորդիվ օրերի Պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ հավաքի մասնակից պատգամավորների հետ ոստիկանության համագործակցությունը հիմնականում ապահովում է  հավաքի խաղաղ ընթացքը։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում նաև հավաքը ղեկավարող պատգամավորին շարունակել ոստիկանության հետ համագործակցության նախորդ օրերի պրակտիկան։

4. Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։

Այս մասով Պաշտպանը նախ արձանագրում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցներ կիրառելու ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։ 

Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր։

Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ի թիվս այլնի ապահովելու անձի հետագա գործողությունների վերահսկելիությունը, կանխելու փախուստի հնարավոր փորձը առերևույթ իրավախախտում կատարած անձանց կողմից։

5. Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մինչև 2 ժամ անց անձանց չեն ներկայացվել իրենց արգելանքի վերցնելու պատճառը, իրավական հիմքը, մի շարք դեպքերում անձինք զրկված են եղել նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ զանգի իրավունքից, իրենց բերման ենթարկելու հիմքից տեղեկանալու իրավունքից և այլն։

Պաշտպանն արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին՝ իրեն արգելանքի վերցնելու պատճառը, ներկայացնեն նրան նվազագույն իրավունքների մասին և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։ Այս հարցում ցանկացած այլ մոտեցում անընդունելի և անթույլատրելի է։

6. ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից պահպանվող շենքերից մեկում /ենթադրաբար Կառավարական տուն 3-ի նախամուտքի հատվածում հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ քաղաքացիներին հատակին պառկեցնելու դեպք։

7. Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում անձանց հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել խաղաղ ձևով, ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից։

8. Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր