00:00:00

0 °C Երևան

Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու, ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը. Սաղաթելյան

20:39, 28 մայիս 2022 Ներքին քաղաքականություն

Թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ:  Այս մասին Ֆրասիայի հրապարակում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ողջույն, սիրելի հայրենակիցներ։

Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր անկախության և պետականության վերակերտման օրը՝ մայիսի 28-ը։ Այսօր մեր ամենալուսավոր տոներից մեկն է։

1918թ. մայիսի 28-ին մեր նախնիներն իրագործեցին անհնարը՝ համախմբեցին ցեղասպանված ժողովրդին, միավորեցին նրանց, հավատք և ուժ ներշնչեցին ու, հաղթելով թշնամուն, ստեղծեցին հայկական պետականություն։ Երբեք մեր ժողովուրդն այդքան ծանր կացության մեջ չի եղել, որքան 1918-ի մայիսին։ Երբեք մենք այդքան լքված չենք եղել, որքան այն ժամանակ։ Եվ երբեք իրավիճակն այդքան անհույս չէր, որքան Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին։ Բայց, «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»․․․

Այդ խենթերը՝ հայկական պետականության հիմնադիր հայրերը, կատարեցին ամենակարևոր ընտրությունը՝ անկախ և ազատ հայրենիք ունենալը նրանք գերադասեցին ամեն ինչից։

Ստանձնելով հսկայական պատասխանատվություն՝ նրանք դարձան մեր ժողովրդի ամենալուսավոր զավակների ժառանգը, քաոսից և համատարած ավերածություններից պետություն ստեղծեցին,  գրադարաններ, դպրոցներ ու համալսարաններ հիմնեցին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենահոգևոր զավակների ժառանգը ու եկեղեցի, մշակույթ և արվեստ զարգացրին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենախիզախ զավակների ժառանգը ու կրկին ազգային բանակ ստեղծեցին Հայաստանում։ Նրանք դարձան նախորդ դարասկզբի Մաշտոցները, Նարեկացիներն ու Վարդան Մամիկոնյանները՝ վերջիններիս պատգամը փոխանցելով հայ ժողովրդի գալիք սերունդներին։

Այդ ճակատագրական պահին ժողովրդին համախմբելու, կազմակերպելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնեց օրվա գլխավոր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն։

104 տարի առաջ մեր հիմնադիր հայր Արամ Մանուկյանը ասում էր․ «Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն»։

104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի, հաղթանակեցին, որ ծնվի Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այսօր տասնյակ հազարավոր հայեր կրկին դուրս են եկել պայքարի։

Ցավոք, մեր ժողովրդի մղած հերոսամարտերից, պետականության վերակերտումից ավելի քան մեկ դար անց մենք վերստին կանգնած ենք գոյաբանական նույն խնդրի առջև։

Մեր առջևում մեզ ցեղասպանած նույն թշնամին է՝ նույն  ծրագրերով և գործիքներով։ Սակայն նույնն ենք նաև մենք՝ Սարդարապատ ու Բաշ Ապարան հաղթած, Արցախ ազատագրած հայերս։

Ուրեմն, այս անգամ էլ թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ աշխարհի երեսից։

Ճակատագիրը մեզ չի թողնում այլընտրանք։ Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է, արժանապատվության կռիվն է, նամուսի կռիվն է, հետևաբար, սա սրբազան կռիվ է և ավարտվելու է հաղթանակով:

Եվ դա մենք արեցինք միասին, արեցինք՝ ի տես աշխարհի, ի տես մեր թշնամիների ու բարեկամների, մենք մեր այս մեկամսյա պայքարի ընթացքում փաստել ենք․

-Հայ ժողովուրդը  ծնկի չի՛ եկել, պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար,

-Հայ ժողովուրդը  չի՛  ընդունում օրվա իշխանության՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու քաղաքականությունը,

-Նիկոլը չունի՛ մանդատ ժողովրդի կողմից երկիրը տանելու նոր զիջումների,

-Նիկոլը չունի՛ ժողովրդական աջակցություն, հետևաբար լեգիտիմ չէ, նրա միակ հենարանը ուժային կառույցներն են։

Այս պայքարի ձեռքբերումներն, իսկապես, շատ են։ Մեզ բոլորիս համատեղ ջանքերով հաջողվել է մոբիլիզացնել անհավանական ուժ։ Մեզ հաջողվել է համախմբել ամենատարբեր նախասիրություններ, հետաքրքրություններ և զբաղմունքներ ունեցող, բայց պետականություն ունենալ ցանկացող արժանապատիվ մարդկանց։

Նայեք ձեր շուրջը՝ այդ մարդիկ ձեր կողքին են, ամեն օր դուք միասին քայլում եք, դուք  գնալով դառնում եք մի մեծ բանակ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և կառուցել նոր որակի պետություն:

Սիրելի հայրենակիցներ,

Միասին մենք իսկապես հսկայական գործ ենք արել, սակայն արվածը չի կարող բավարարել մեզնից որևէ մեկին՝ քանի դեռ լուծված չէ գլխավոր նպատակը՝ դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին։

Մենք մեր նպատակին երբեք այսքան մոտ չենք եղել, սակայն հարկավոր է մի լրացուցիչ ճիգ ևս․ պետք է ուժերի համախմբում, պետք է տեմպը պահել, ճնշումն ավելացնել , որպեսզի արձանագրենք ժողովրդի հաղթանակը։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ սա իշխանության համար պայքար չէ՝ սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է։

Հայաստանում իշխանությունները ձևավորվելու են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրություններով։ Այդ ժամանակ գուցե այստեղ գտնվող քաղաքական ուժերը կթակեն ձեր դռները և ձեզնից վստահության քվե կխնդրեն սեփական ծրագրերն իրականացնելու համար, սակայն մինչ այդ մենք պետք է լուծենք պարտության և պատերազմի խորհրդանիշ հանդիսացող անձին մերժելու և նրանից  երկիրը ազատագրելու խնդիրը։

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր կյանքում գոյացել է ջրբաժան։ Այդ ջրբաժանը վերաբերում է հայկական պետականության  կենսական շահերին։

Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։

Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե պահի սեփական իշխանությունը։

Այս պատկերը տեսանելի է այս հրապարակում հավաքված յուրաքանչյուրի համար։ Սակայն սուտը, կեղծիքը, մանիպուլիացիան փակել են մեր հասարակության շատ ներկայացուցիչների աչքերը։ Ցավոք,  դեռ մեր հայրենակիցներից շատերը  ֆեյքերի, կեղծիքի ազդեցության տակ են, և իրական վտանգները դեռ չեն զգում։

Ուստի մեր այդ հայրենակիցներին կատարվողի իրական պատկերը ներկայացնելու, մի վերջին անգամ հանրության համար ահազանգ հնչեցնելու նպատակով մենք հունիսի 3-ին հրավիրել ենք ԱԺ արտահերթ նիստ՝ պահանջելով, որպեսզի ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որում ամրագրված է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և առանցքային այլ դրույթներ։

Այսպիսի փաստաթղթի ընդունումը չի կարող խնդրահարույց լինել իրեն հայ համարող որևէ մեկի, առավել ևս՝ իշխանության ներկայացուցչի համար։

Բայց երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու։

Մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, նայի մեր աչքերին ու ասի՝ ինչ ասում է հրապարակից։

Խնդրեմ, ասել ենք՝ տղա ե՞ք, եկեք, ու շատ ուղիղ ենք ասել, ու ասել ենք՝ սա էլ օրակարգը․ չեն գալիս։

Չեն գալիս և մեկ ու կես էջանոց հայտարարության որևէ տողի, որևէ բառի վրա չկա քննադատություն, չկա հակազդեցություն։

Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու։

Ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը։

Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է այս տրամաբանությամբ․ բոլորը պետք է հստակ կողմնորոշում արտահայտեն՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ․ սա ջրբաժան է»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր