Վաղը՝ առավոտվան ժամը 08.00-ից, «Դիմադրություն» շարժումը կսկսի անհնազանդության ակցիաները, որոնք կշարունակվեն օրվա ընթացքում, իսկ երեկոյան տեղի կունենա հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարկ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպմանը՝ նա նշեց, որ ակնհայտ է, և Բրյուսելում մեկ անգամ ևս փաստվեց, որ գոյություն չունի, հայ–ադրբեջանական բանակցությունների ընթացքում որևէ տեղ չի արտացոլվում հայկական շահը, բանակցություններն ամբողջությամբ ընթանում են Ադրբեջանի օրակարգով և թելադրանքով և դրա վառ ապացույց էին նաև հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում տեղ գտած խայտառակ ձևակերպումները։
«Նիկոլը նշաձողը բանակցություններում այն մակարդակի է հասցրել, որ ոչ միայն չկա խոսք Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի վերաբերյալ, այլ արդեն խոսվում է Ղարաբաղի էթնիկ հայության և Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը պետք է ապահովվի Ադրբեջանը»,– ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են Արցախից և հայկական շահը դարձցրել են աշխարհաքաղաքական խաղերի և շահերի մանրադրամ։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը, ապա իշխանությունները վաղուց Ադրբեջանի հետ ստորագրած կլինեին խայտառակ մի փաստաթուղթ, որտեղ ամեն ինչ ավարտված կլիներ Արցախի և հայկական շահի համար։
«Վստահեցնում եմ ձեզ, որ այդ գործընթացի առնվազն ժամանակացույցը խաթարված է։ Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է, որովհետև հասկանում է, որ Հայաստանի իր հիմնական գործընկերոջը կարող է կորցնել, Ալիևը շտապում է, որպեսզի պատերազմում ձեռք բերած իր հաջողությունները դե յուրե արձանագրի, իսկ մեր խնդիրն է դա կանխել։ Դրա համար ընդամենը մեկ հարց է պետք լուծել, և լուծումը մեկն է՝ հեռացնել չարիքի այս իշխանությանը»,– ասաց նա։