«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
ԱԺ-ից հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ հայտնել էր, որ Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ ԱԺ-ում Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։