Փետրվարի 10-ին ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի՝ բացառապես իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների ստորագրությամբ, 6 ամիս ժամկետով ստեղծվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկված են 11 պատգամավոր, 4-ն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից են, 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Հանձնաժողովը նախագահում է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
Օրերս հանձնաժողովի նիստում որոշվել է հունիսից հանձնաժողով հրավիրել անձանց, որոնք առնչություն են ունեցել Արցախի հարցի բանակցային գործընթացի հետ։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ կհրավիրվեն արցախյան խնդրի կարգավորման բանակցություններին մասնակցած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց պաշտոնավարման ժամանակ արտաքին գործերի նախարարներ նշանակված անձինք:
Ի՞նչ ակնկալիքներ ունի հասարակության՝ խնդրով առավելապես հետաքրքրված հատվածը, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները:
168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ասաց, որ այդ հանձնաժողովից որևէ ակնկալիք չունի։
«Անկեղծ ասած, հանձնաժողովից ակնկալիքներ չունեմ, ուղղակի վստահություն չունեմ՝ հաշվի առնելով իշխանության վերջին խոսակցությունները, հայտարարությունները ու այս ամեն ինչը»,- նշեց Արտակ Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ իրեն հրավեր չի եղել հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու համար, եթե նույնիսկ հրավիրեին, ապա կմերժեր։
«Ես այնտեղ այդպիսի մարդ չգիտեմ, ում կարելի է վստահել կամ հետը ինչ-որ հարց քննարկել և հարցի անկեղծ պատասխան ստանալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նախատեսվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել նաև պատերազմում զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատներին:
Պատերազմում զոհված հերոս Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, նույնպես ասաց, որ ակնկալիքներ չունի հանձնաժողովից՝ անկախ այն հանգամանքից, թե ում կկանչեն հանձնաժողով հարցեր տալու։
«Ինքս այդ հանձնաժողովում ասելիք ունեմ, սակայն հանձնաժողովից որևէ ակնկալիք չունեմ։ Սա պայմանավորված է այսօրվա իշխանություններով, ըստ նրանց՝ մեղավորը ժողովուրդն է, զինվորներն են, բացի իրենցից։ Այսքանից հետո ի՞նչ եք կարծում, նրանք բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞ ոչ։
Հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է, նա մի հանձնաժողով արդեն գլխավորել է, տեսել ենք արդյունքը, նա առհասարակ չի կարող հանձնաժողով ղեկավարել։ Ես նրան մեկ անգամ եմ հանդիպել նախորդ տարի Արցախում, նրանցից որևէ բան չեմ սպասում։ Եթե կանչեն հանձնաժողով, կգնամ ու ասելիք ունեմ։ ԱԱԾ-ում ամիսներ առաջ փորձեցի ցուցմունքներ տալ, բայց բանից պարզվեց՝ Շուշիի մասով են ուզում, ինչ-որ մարդկանց մեղադրելու համար։ Պարզվեց, որ Շուշին նրանց համար արդեն հրաշք քաղաք է։ Իշխանափոխություն չեղավ, որևէ բան էլ չի բացահայտվի, իսկ իշխանափոխությունից հետո, եթե փորձեն որևէ բան թաքցնել՝ կպայքարենք դրա դեմ։ Հանձնաժողովը չէ, բայց իշխանափոխությունը որոշ հարցերի պատասխաններ կտա»,- շեշտեց Ջիվան Միքայելյանը։