«Բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝ դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին, երբ այս իշխանությունը հիմք դրեց Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացին, հայտարարել էր՝ Հայաստանում ոստիկանական զորքերն այլևս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետև նրանք գնալու են սահմաններ, մարտական հերթապահության իրականացնելու։
Նա ասաց, որ ոստիկանության զորքերի ընդհանուր ռեսուրսների ընդամենը 10-15 տոկոսն է այդ գործին ծառայում։
«Բոլորդ տեսնում եք, թե ոստիկանական զորքերն այս իշխանությունն ի՞նչ ձևով է օգտագործում, ի՞նչ հրամաններ է իջեցնում, ինչ ապօրինությունների մեջ է մտցնում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
«Բա ոստիկանության զորքերը ... ինչո՞ւ պոստ չեն պահում կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսի չափով է անում»,- ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով, մարդիկ քարոզչական տեսանյութեր են հրապարակում դիքերից, կոչ անում կրկին Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց գնալ դիրքեր, ասում են՝ դրա կարիքը կա։
«Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ բացահայտ ելնում ու հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա։ Բա՞ ԱԱԾ-ն։ Միայն մոնիտորինգ է անում ընդդիմադիր հայացքներով մարդկանց։ Մարդիկ փակ բնույթի տեղեկատվություն են հրապարակում, ինչո՞ւ այդ մարդկանցով չեք զբաղվում»,- ասաց Աբրահամյանը։