00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

23:03, 20 մայիս 2022 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով ս.թ. մայիսի 20-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգի շրջանակներում մասնակիցները մասնավորապես քննարկել են ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:

 

Այն ստորև է․

 

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,


Նիստի հարգելի մասնակիցներ,

 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել ղազախական կողմին ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում նախագահության մեկնարկի կապակցությամբ և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը փոխգործակցելու՝ ի շահ համագործակցության հետագա զարգացման։ Հարգելի Ալիխան Ասխանի, Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը:

 

Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային տնտեսական վերափոխումների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների համատեքստում, որոնք չեն կարող չազդել ԱՊՀ տարածքում տնտեսական կայունության և մեր պետությունների ֆինանսական բարեկեցության վրա։

 

Հայկական կողմը մեծապես կարևորում է տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հնարավոր համակարգված գործողությունների վերաբերյալ մտքերի փոխանակումը, մենք քաջ ծանոթ ենք շրջափակման քաղաքականության հետևանքներին։

 

Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում։ Ակնհայտ է, որ ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Սահմանափակող միջոցների ներդրումն արդեն իսկ զգալիորեն ազդում է մեր տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա։ Զգացվում է նաև բացասական ազդեցություն արտահանման վրա և մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում։

 

Հարգելի գործընկերներ,

Նման իրավիճակում, իհարկե, պետք է մտածել նաև նոր հնարավորությունների մասին։ Այս համատեքստում կարևոր է կարծիքների փոխանակումը ինչպես կտրուկ փոփոխվող հանգամանքներին մեր երկրների տնտեսությունների ադապտացման, այնպես էլ ֆինանսական և տնտեսական ռիսկերը նվազագույնի հասցնելուն և տնտեսական հավասարակշռության վերականգնմանն ուղղված հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ։

 

Միաժամանակ անհրաժեշտ է ծայրահեղությունների մեջ չընկնել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տնտեսությունների մեկուսացմանը համաշխարհային գործընթացներից։

 

Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը կառուցողական երկխոսության մեջ բխում է ԱՊՀ պետությունների քաղաքացիների շահերից։

 

Ինչ վերաբերում է այսօրվա նիստի օրակարգային փաստաթղթերի փաթեթին, ապա նշեմ, որ, անկասկած, բարձր տեխնոլոգիաների զարգացումն առանցքային դեր է խաղում մեր պետությունների մրցունակության, արդյունավետության և բարեկեցության բարձրացման գործում։

 

Տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլորտներում մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Այս տեսանկյունից կարևոր եմ համարում տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով այս տարվա մարտին լրացուցիչ խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցված փոխադարձ ընդունելի ձևակերպումները։

 

ԱՊՀ մասնակից պետությունների հետ գիտական հարաբերությունները շարունակում են զարգանալ հիմնարար և կիրառական հետազոտությունների ոլորտում։ ԱՊՀ շրջանակներում տարբեր գիտատեխնիկական ոլորտներում իրականացվում են մի շարք համատեղ նախագծեր, որոնք արտացոլում են ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների համագործակցության բարձր մակարդակը։

 

Վստահ եմ, որ «ԱՊՀ մասնակից պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրումը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի՝ գիտության, տեխնոլոգիաների, նորարարության զարգացման ժամանակակից միտումներին, ինչպես նաև այս ոլորտում լավագույն համաշխարհային փորձին համահունչ:

 

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներում երիտասարդների ներուժի օգտագործումը խրախուսելու և մեր պետությունների երիտասարդ սերնդի միջև կապերի ամրապնդման դիրքերից։ Այս համատեքստում մենք աջակցում ենք «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մշակմանը և ընդունմանը, որն ուղղված է երիտասարդ սերնդի ներգրավմանը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում կայուն զարգացման նախագծերի և ծրագրերի իրականացմանը մասնակցելու միջոցով:

 

Հայկական կողմը աջակցում է նաև խաղողագործության և գինեգործության հետագա զարգացման համար համագործակցության հայեցակարգի ընդունմանը, որն ուղղված է այս մրցակցային ուղղության կայուն զարգացման համար գրավիչ ներդրումային միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս ոլորտում համագործակցությունը ոչ միայն կնպաստի գինեգործության աշխարհագրության ընդլայնմանը, ներքին շուկայում հայրենական արտադրանքի ծավալների ավելացմանը, այդ թվում՝ գինու տուրիզմի, զբոսաշրջանյին երթուղիների և հարակից ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ագրոարդյունաբերական համալիրի այս հատվածը կբարձրացնի զարգացման որակապես նոր մակարդակի՝ ավելացնելով գինեգործական արտադրանքի մասնաբաժինը արտահանման բաղադրիչում։

 

Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ՝ տնտեսությունների կայունության բարձրացման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հաջող և արդյունավետ կլինեն։

 

Հարգելի գործընկերներ,

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում պետք է ասեմ, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունների խստիվ կատարմանը։

 

Մի շարք չլուծված խնդիրների շարքում ամենասուրը հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո, որը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի միջնորդական ջանքերի և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման շնորհիվ։ Միայն ադրբեջանական կողմի հաստատած տվյալների համաձայն՝ 38 հայ զինվորական և քաղաքացիական անձինք դեռևս գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ հակառակ  ստանձնած պարտավորություններին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է։

 

Ադրբեջանական կողմի հնչեցրած հինգ սկզբունքների մասով պետք է նշեմ, որ հայկական կողմն ի պատասխան հայտարարել է վեց կետ լրացնող սկզբունքներով, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

 

Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր