Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Դոմ Մոսկվի» կենտրոնից:
Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցաշարը կայացել է օլիմպիական կարգով։ Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին հասել Խարբերդի N1, Վ․Մայակովսկու անվան N7, Ռ․Սևակի անվան N151 և Մ․ Նալբանդյանի անվան N33 դպրոցի աշակերտները։
Մրցաշարի չեմպիոն դարձավ N33 դպրոցի թիմը, որն էլ վերցրեց չեմպիոնական գավաթը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:
Պարգևատրման արարողությունը իրականացվեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ:
«Երեխաները ցույց տվեցին գերազանց խաղ։ Հուսով եմ՝ ապագայում նրանց կտեսնենք ազգային հավաքականում և նրանք պատվով Հայաստանը կներկայացնեն աշխարհում։ Բոլոր խաղացողներն արժանի էին պարգևների, եզրափակիչ խաղը իսկապես թեժ էր, համառ մրցակցություն էր ընթանում։ Հաղթանակի օրվա այս մրցաշարին հայկական և ռուսական դպրոցների աշակերտների մասնակցությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական ապացույցն է»,- նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
Մրցաշարի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել ֆուտբոլը և խթանել առողջ ապրելակերպը:
«Ցանկանում եմ շնորհավորել չեմպիոններին՝ հիշեցնելով մյուս թիմերին, որ հաղթանակի ճանապարհը գծվում է պարտություններով։ Սպորտում պարտությունները սովորեցնում են, բոլոր մասնակիցներին մաղթում եմ բազում հաղթանակներ»,- նշել է ՀՖՖ Գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:
Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով նշում է Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակը: Մայիսի 6-ին Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակին: Նույն օրը Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում կայացավ Վանաձորի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հաղթանակի օրվան։