Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակից։ Շնորհավորում եմ կրկնակի տոնակատարության՝ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ։
Միևնույնն է, թալանը ետ չի բերվել, իսկ հեղափոխական պայքարի ելած ամբոխի եկամուտներն ավելացել են 0 լումայով։ Ավելին, 2020 թ․ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր։ Դեռ 2018-ին բացատրում էինք, որ սոցիալ-քաղաքական շարժումները պետք է ելնեն հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ այս կամ այն մարդկանց ու դրանց խմբերի։
Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։ Ոչինչ։
Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։
Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն.Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։
Պոպուլիստ քաղաքական գործչին պետք է, որ նա ոչ թե ազգի հետ գործ ունենա, այլ ամբոխի, ժողովրդի։ Ազգն ունի գոյատևման կայուն սկզբունքներ, ժամանակակից աշխարհում հարատևելու տեսլական, սիստեմատիկ քրտնաջան աշխատանքի կարիք, լուռ ու մունջ իր խաչը տանելու կարողություն։
Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։
Ե՞րբ Շուշին, կրկին, հայկական կդառնա։ Երբ մենք վերստին հախուռն ժողովրդից ազգ կդառնանք»։