Կան ոստիկաններ, որոնք իրենց հասակակիցների կամ ավելի մեծ տարիքի անձանց հետ շփվելիս օգտագործում են «արա» խիստ անհարգալից դիմելաձեւը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մայիսի վեցին անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Պատգամավորի խոսքով՝ իշխանափոխությունից հետո բոլոր այդ ոստիկանները կզրկվեն աշխատանքից: «Ո՞վ է այն ոստիկանը, որը կհամարձակվի գալ եւ այսքան մարդկանց ներկայությամբ ասել «արա» բառը: Ես ցանկանում են պարզ հասկացնել, որ երբ Հայաստանն առանց Նիկոլի իրականություն դառնա, բոլոր ոստիկաններն՝ անկախ նրանից՝ «նախկին» են, թե «ներկա», որոնք իրենց նման վարվեցողություն են թույլ տվել, որոնք իրենց պահել են խուլիգանի պես, կազատվեն եւ դուրս կշպրտվեն համակարգից: Նրանք այլեւս երբեք չեն վերադառնա»,- խոստացել է Վարդեւանյանը: