Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում Newa.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Ես կուզեի օրինակ, որ մեր կողքին լիներ Ֆրանսիան և ոչ Թուրքիան, բայց Թուրքիան է և չենք կարող դա արհամարհել։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։
Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։
«Թուրքիան մշտապես հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կոորդինացնում է երրորդ պետության` Ադրբեջանի հետ, բայց մենք Թուրքիայի հետ ենք խոսում։ Պետք չէ կեղծ պատրանք ունենալ, որ շատ հեշտ է լինելու և որ Թուրքիան էլ հանկարծ փոխվելու է, լինելու է հայ ժողովրդի հետ բարյացակամ։ Մոտ ապագայում չեմ կարծում, որ նման բան է լինելու, բայց նույնիսկ այդ պայմաններում իրենց հետո խոսել է պետք»,- ասաց Սինանյանը։
Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։
«Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։