Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, այսօր Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին նոր դիմում է ներկայացրել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ինքը Բաղդասարյանը:
Նոր դիմումում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սամսոնյան,
Գյումրու ավագանու կանոնակարգ թիվ 39 կետի համաձայն՝ տեղեկացնում եմ ձեզ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իմ անդամակցության դադարեցման մասին»:
«Այսինքն՝ խմբակցությունից եմ դուրս գալիս, ոչ թե մանդատս եմ վայր դնում»,- մանրամասնեց Բաղդասարյանը:
Հարցին՝ նախկին դիմումը ոչ թե խմբակցությունից դուրս գալու, այլ մանդատից ընդհանրապես հրաժարվելու մասին էր, ինչո՞ւ է այն նոր ձևակերպում ստացել, Բաղդասարյանը պատասխանեց.
«Վերջին օրերի զարգացումները, մարդկանց հետ խոսակցություններն ու հորդորները, գործընկերների հետ կոնսուլտացիաները, ավագանու խմբակցությունների, նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցները բերել են այս նոր որոշման կայացմանը: Ես ավագանու կազմում հանդես կգամ որպես անկախ անդամ: Այս որոշումը կայացվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ համայնքապետին ուղղված էլեկտրոնային դիմումի փոխարեն պետք էր այն առձեռն ներկայացնել: Սրանով պայմանավորված էլ՝ մտածելու հավելյալ ժամանակ ունեցա»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ իսկ ի՞նչ ընթացք է ունեցել Արման Բաղդասարյանի 2-րդ դիմումը, որը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն, Բաղդասարյանն ասաց՝ դիմումն ուղարկել է էլեկտրոնային տարբերակով, սակայն բանավոր կարգով է տեղեկացվել, որ դիմումի ուղարկման պահից արդեն ՔՊ անդամ չէ: Գրավոր պատասխան չի ստացվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և վայր դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը: