00:00:00

Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր

11:05, 21 ապրիլ 2022 Քաղաքականություն

Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ, Parliamentmonitoring-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Դա նշանակում է, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։

- Իհարկե, ոչ։ Դա ենթադրում է, որ կարգավիճակի հարցը պիտի ճշտվի։

- Եթե կարգավիճակի նշաձողը պետք է ցածրացվի, անկախ պետություն չլինի, չլինի նաև Ադրբեջանի կազմում, ուրեմն, ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ։

- Բանակցություններում մինչև հիմա գնացել է կարգավիճակի հարցի ճշտում, չէ՞։ Բանակցային փաստաթղթերում երբևիցէ անկախություն բառը գրված չի եղել։ Հիմա քանի որ միջազգային գործընկերները ենթադրում են, որ կարգավիճակի նշաձողը պիտի իջեցնել, մենք նրանց հետ ոչ թե քննարկում ենք, ինչքան իջեցնելու կամ ինչպես իջեցնելու հարցը, այլ ասում ենք, եկեք՝ քննարկենք անվտանգության խնդիրները, ինչից էլ կբխի անհրաժեշտ կարգավիճակի հարցը։ Այսինքն, բանակցությունները տեղափոխել անվտանգության հարցերի շրջանակ, որում միջազգային գործընկերները և մենք կհասկանանք, թե անհրաժեշտ անվտանգային պայմաններն ինչ կարգավիճակ են թելադրում։ Ադրբեջանից դուրս պարտադիր պայման չենք դնում, դնում ենք անվտանգության պայման, որից կբխի կարգավիճակը։ Սա է հարցադրումը, մնացածը մտավարժանքներ են։

- Դուք հայտարարեցիք, որ համաձայն չեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Դա ի՞նչ է նշանակում։

- Ես այդպիսի բան չեմ ասել։ Ես ասել եմ՝ հիմա արդեն գալիս ենք այն կարծիքին, որ ժամանակին սխալ էր այդպիսի հարցադրում անելը։ Այսինքն, ոչ թե կարգավիճակի խնդիրը պետք է առաջ մղեինք, այլ՝ անվտանգության հարցը, որից կբխեր կարգավիճակը։ Մարդիկ, ինչպես ուզում, այդպես են մեկնաբանում։ Ես չեմ ասում, որ ժամանակին սխալ էին, ասում եմ, հիմա պարզվում է, որ սխալ ենք թույլ տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ոչ թե ես այն ժամանակ գիտեի, որ դա սխալ էր ու լռում էի, հիմա եմ այսպես գտնում, որ 30 տարի հետո մենք պիտի եզրահանգումներ անենք մեր անցած փորձից, որ մեր սխալները չկրկնենք։

- Այսինքն, 30 տարի անց համարում եք, որ ճիշտ չէ՞, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։

- Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Ադրբեջանի կազմից դուրս լիներ։ Կարգավիճակն անվտանգության պայմաններից կբխեր։ Մեր նպատակն այն է, որ արցախահայությունն իր հայրենի հողում ապահով և հանգիստ ապրի։

- Իսկ այդ անվտանգությունն ու ապահովությունը հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում։

- Երբ քննարկվի, կերևա՝ հնարավոր է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ այս պահին դա դժվար է պատկերացնել։ Բայց դա չպիտի առաջին պլան մղվի, որովհետև այդ դեպքում մեզ ասում են՝ ձեր այդ հարցադրման հետ համաձայն չենք։ Եվ մենք միայնակ ենք մնում Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ, որովհետև մեր ամենամտերիմ դաշնակից Ռուսաստանը ևս պնդում է, որ Արցախը Ադրբեջան է։

- Այո, 44 –օրյա պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։

- Բա դրանից հետո ընդդիմությունն ինչ է բարբաջում։ Միգուցե սլաքն ուղղի ուրի՞շ տեղ։ Բայց նրանք Հայաստանին չեն սպասարկում, որ սլաքներն ուրիշ տեղ ուղղեն։

- Դժվա՞ր է ՌԴ-ին ու միջազգային ողջ հանրությանն ընդդիմանալ։

-Ոչ թե դժվար է, այլ անմիմաստ է։ Մեզ հետ այդ թեմայով չեն ուզում խոսել։ Ասում են՝ մենք այսօր պատրաստ չենք ձեզ հետ այդ հարցադրման մասին խոսելու։ Բա ո՞ւմ հետ խոսենք, մենք ու Արցա՞խը նստենք՝ իրար հետ խոսենք, որ անկախ լինի՞։ Եթե այդպես հնարավոր լիներ, վաղուց անկախ կլիներ։

- Փաստորեն միջազգային հանրությունն այսօր կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի՞ կազմում լինի։

- Միջազգային հանրությունն այս պահին ասում է՝ կարգավիճակի վերաբերյալ ձեր նշաձողն իջեցրեք։ Մենք էլ ասում ենք՝ եթե դուք հիմա չեք ուզում այդ հարցը քննարկել, եկեք դա առժամանակ դնենք մի կողմ և խոսենք անվտանգությունից։ Մարդիկ ոչ թե չեն հասկանում, այլ չեն ուզում դա հասկանալ։ Դրան հետևում է Արցախի խորհրդարանի անհասկանալի հայտարարությունը, չգիտես ինչու, ուղղված Հայաստանին։ Ես դա գնահատում եմ շատ սխալ դիրքորոշում, ի՞նչ է նշանակում՝ պահանջում ենք։ Այդ ի՞նչ ենք արել, որ ինչ են պահանջում։ Իրենց ոչ հաճո ի՞նչ ենք արել։ Միգուցե առաջարկե՞ն։ Այդ մենք պետք է պահանջենք ցույց տալ, թե մեր օգնությունն ինչքան արդյունավետ են օգտագործում։ Միգուցե նեղություն քաշեն և միջնորդների՞ց պահանջեն։ Դրա համար էլ հարց է առաջանում՝ Արցախն այսօր որքանո՞վ է ինքնուրույն։

- Արցախում Ռուսաստանին միանալու կոչեր են հնչում, ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է՝ եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա Արցախ չի լինելու։ Միգուցե ՌԴ-ի՞ ազդեցության տակ են։

- Հավանաբար, իրենք մոռացել են, որ ՌԴ-ն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Նրանք մեզ հետ այդ գործողությունները չեն քննարկում, միայն պահանջում են։ Մի ասացվածք կա՝ նստեմ գոգիդ, փետրեմ մորուքդ։ Այդ իրավիճակում է հայտնվել Արցախի ղեկավարությունը, որն իր ժողովրդի հետ, կարծես, ոչ մի կապ չունի։ Իմ կարծիքով, նրանց պահվածքն ժողովրդի շահերից չի բխում։

- Հայաստանի տրամադրած օգնությունն արդյունավետ չե՞ն օգտագործում, որ նման հարց եք բարձրացնում։

- Այո, իմ կարծիքով արդյունավետ չեն օգտագործում։ Դրա վկայությունը Արցախի ղեկավար պաշտոնյաների դղյակներն են ոչ միայն Արցախում, նրանց թանկարժեք ջիպերը։ Նման պարագայում դժվար է համոզվել, որ Հայաստանից գնացած գումարներն արդյունավետ են օգտագործվել։

- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, թե լավ կլինի, որ մեր օրակարգը մենք ներկայացնենք, և ոչ թե մեր փոխարեն որոշեն։ Ասաց՝ մենք մատաղացու գառ չենք, որ երբ ուզենան, մատաղ անեն, ներեն կամ չներեն։ Ո՞վ է մեր փոխարեն որոշում կամ մեզ մատաղ անում։

- Լավ կլինի, որ Արցախը նրանից օրինակ վերցնի։ Ոչ մեկին էլ նկատի չուներ։ Նկատի ուներ այն, որ մեր քաղաքականությունը հանգեցնում է դրան, դրանք մեր ներքին հարցերն են։ Նկատի ուներ ՀՀ ինքնիշխանության և ՀՀ ամեն մի մարդու կյանքի կարևորությունը։

- Ն․Փաշինյանը նաև հայտարարեց, թե ինքը մեղավոր է արցախյան 2-րդ պատերազմի համար, որ չի կարողացել ինքն իրեն համոզել՝ տարածքներ հանձնել։ Ասում է՝ եթե այդպես աներ, այսօր կունենայինք նույն վիճակը, բայց արդեն առանց զոհերի։ Չե՞ք կարծում, որ նա, իսկապես, մեղավոր է, բայց նման հայտարարություն անելով՝ իրական պատասխանատվություն չի ստանձնում։

- Դուք էլ երևի չեք հասկացել, թե վարչապետն ինչ է ասում, դրա համար էլ նման հարց եք տալիս։ Նա ասում է՝ եթե ինքս ինձ կարողանայի համոզել, բայց չկարողացա։ Ասում է, ես վստահ էի, որ ճիշտ ենք անում։

- Հայաստանի ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ԱԺ նիստերը, իսկ վարչապետի վերջին ելույթից հետո հայտարարում են, որ պայքար կսկսեն նրան հեռացնելու համար։ Մտավախություն չունե՞ք, որ պատերազմի ու Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո դա նրանց կհաջողվի։

- Մենք ընդդիմության հայտարարություններով ու գործողություններով զբաղվելու ժամանակ չունենք, մենք ահագին աշխատանք ունենք անելու։ Վերջին հաշվով, հոգնել ենք ասելուց, որ այնտեղ ընդդիմություն չկա, այնտեղ սովորական ռևանշիստներ են՝ կասկածելի մարդկանց կասկածելի ունեցվածքը պաշտպանելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր