ՀՀ Արդարադատության նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է սահմանել գլխավոր դատախազի, վերջինիս տեղակալների, ինչպես նաև գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) հավելավճար։ Այն հրապարակվել է Արդարադատության նախարարության e-draft.am կայքում։
«Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը»,- ասվում է հիմնավորվան մեջ։
Բացի այդ նախարարությունը զավեշտալի մեկնաբանություն է տալիս առանց այն էլ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների՝ հավելավճարը բարձրացնելու նախագծին։
ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնների համար հավելումներ սահմանելը իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշներ և բխում է ողջամիտ անհրաժեշտությունից, քանի որ վերաբերում է ՀՀ դատախազության համակարգում գործող այն ստորաբաժանման դատախազներին, որոնք ի լրումն դատախազի պաշտոնից բխող ռիսկերին, բարձր պատասխանատվությանը և լարվածությանը, կատարելու են խիստ յուրահատուկ մասնագիտական պարտականություններ:
«Բացի այդ՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես կանոն կոռուպցիոն հանցագործություններով հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձինք ունեն լծակների հարուստ զինանոց, առավել ևս, եթե զբաղեցնում են կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում կամ որևէ այլ կերպ առնչություն ունեն կամ ունեցել են իրավապահ կամ արդարադատության մարմինների հետ: Նման պայմաններում առավել մեծ են ռիսկերը, որ կոռուպցիոն գործերով հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող և դատական քննության ընթացքում որպես մեղադրող հանդես եկող պաշտոնատար անձի՝ դատախազի նկատմամբ ճնշումների փորձեր կնախաձեռնվեն: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի և հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու, պետության և հանրության շահերը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքում լավագույնս ներկայացնելու ունակություն»,- ասվում է հիմնավորման մեջ։
Եթե կարճ ձևակերպելու լինենք ստացվում է՝ տվյալ անձանց տրվող հավելավճարների չափը բարձրացնում են, որ կաշառք չվերցնեն։ Այսինքն պետական բյուջեից նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով շուրջ 144․000․000 ՀՀ դրամ են տալու պաշտոնյաներին, որ «չլարվեն ու կաշառք չվերցնեն»։
Irakanum.am