Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ անվերջ կարելի է ապշել հասարակության տարբեր շերտերի տարբեր դիրքորոշումների և վարքուբարքի հետ կապված:
«Մեր հասարակության մասին այն կարծիքին էի, որ դեռևս 2020թ. նոյեմբերի 9-10-ին այս իշխանություններին պետք է վռնդած լիներ: Դրանից հետո և մասնավորապես՝ հունիսի 20-ի ընտրություններից հետո ես չեմ կարող հասարակության լայն շերտերին բնութագիր տալ և նրանց հետագա անելիքները կանխատեսել: Այնպես որ, Փաշինյանի վերջին ելույթը մեր շատ քաղաքացիների չարթնացրեց թմբիրից, և շատուշատ մեր հայրենակիցներ նույնիսկ չեն էլ լսել այդ ելույթը, իրենց համար մեկ է, իրենք ապրում են իրենց առօրյայով: Այն, ինչ անում է պարոն Վանեցյանը հիմա Ազատության հրապարակում, ինձ համար տրամաբանական է, որովհետև բոլորս ակնկալում ենք գործողություններ: Գործողություններ են պահանջում նաև շատուշատ քաղաքացիներ, բայց ցավալի է, որ գործողություն պահանջող քաղաքացիների մեծ զանգված Ազատության հրապարակում չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։
Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ գործող իշխանությունների ծրագրերը հնարավոր է խափանել, եթե ժողովուրդը ոտքի կանգնի:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում առկա իրավիճակին՝ նա նշեց, որ այս պահին հնարավորություն են տալիս գործող քաղաքապետին աշխատել. «Այս պահին լուրջ խնդիր չունեմ, ավելի կոնստրուկտիվ աշխատանքային դաշտ է: Ավագանու դահլիճի ներսում դեռևս սահմանափակումներ չկան: Ինչ վերաբերում է քաղաքապետի մասին խոսակցություններին, ապա, իմ կարծիքով՝ դա անբարոյականություն է, որովհետև մենք նոր ենք ընտրել քաղաքապետ: Ես չեմ կարծում, որ այս պահին իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների, որովհետև հասկանում են, որ Երևանում մեծ թվով քվեներ չեն ստանա, քանի որ ամենաընդդիմադիր զանգվածն ապրում է Երևանում»:
Մարտի 31-ին կառավարությունը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրել է ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել: Ինչպես նշվում է նախագծում՝ ոստիկանությունն այս գումարով ձեռք է բերելու 400 հազար հատ հին նմուշի և 7736 հատ կենսաչափական անձնագրերի բլանկներ: Կարծիքներ կան, որ իշխանությունները պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, և, որ նրանց թեկնածուն Տիգրան Ավինյանն է:
Թեհմինա Վարդանյանը կառավարության այս որոշմանը տեղյակ չէր և այն շատ մտահոգիչ համարեց. «Չեմ զարմանա, որ նման քայլի ընդունակ լինեն, անկեղծ ասած՝ դա ինձ մտահոգեց»:
Նա նշեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար փոփոխություններ են լինում. «Չեմ ուզում որևէ մեկը սրանից վիրավորվի, բայց «Իմ քայլը» խմբակցությունը դարձել է «проходной двор»՝ էս կողմից մտնում են, էն կողմից դուրս են գալիս: Անդադար ցայտնոտի մեջ են: Ավագանու առաջին գործառույթը քաղաքապետի աշխատանքը վերահսկելն է»:
Դիտարկմանը՝ դե, վերահսկեցին, օրինակ՝ Մարությանին փոխեցին, նա արձագանքեց. «Դե, իրականում, Մարությանին մատաղ արեցին: «Իմ քայլը» խմբակցությունը 3.5 տարի բերանը ջուր առած՝ նստել է և ասել է՝ օ՜, մեր քաղաքապետը, մեր կարգին Հայկոյին ինչո՞ւ ես բան ասում, հետո մեկ գիշերում իրենց կարգին Հայկոն դարձավ շատ անկարգ մի տղա, ով, փաստորեն, տապալել է ամեն ինչ»: