Այն, ինչ կատարվեց երեկ երեկոյան, Ազատության հրապարակին կից տարածքում հավաքված ոստիկանական ուժերի կողմից, ուղղակի, ամոթի մեծ խարան էր։ Կատարվածը, մեղմ ասած, վրդովվեցուցիչ էր։ Ոստիկանական հագուստ կրող ինչ – որ մարդիկ շարքային մի կարգազանցի կամ հասարակական կարգ խախտող ինչ – որ ջահելի չէին կարգի հրավիրում, այլ լկտի ու դատապարտելի կերպով հարձակվել էին այնպիսի պատկառազդու անհատի վրա, ում ապրած յուրաքանչյուր օրն այդ ոստիկանական գումարտակի մի ողջ գոյության ընթացքում արածից բազմապատիկ ավելին է, հետևաբար, այստեղ այլևս որակումներն անգամ անզոր են։ Մելիքյան Գուրգենի առջև, այլևս, սերունդներ պետք է խոնարհվեն։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գրականագետ, ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
«Այս շարժումն ինչ - որ ձևով պետք է սկսվեր։ Կլիներ դա շատերի կողմից ընդունելի կամ մերժելի Արթուր Վանեցյանի կամ այլ մի անձի միջոցով, սա չէ այլևս էականը։ Էականն, այստեղ երևույթն է՝ փաստը, որ մեր երկրի ներսում հոգևոր բնույթի պայթյուն է հասունանում, որովհետև այսպես այլևս շարունակվել չի կարող։ Պատկերավոր կերպով ասած՝ ժողովուրդը նստած է վառոդի տակառի վրա, իսկ այդ տակառն ամեն վայրկյան կարող է պայթել, որի համար, ընդամենը մի թույլ կայծ է պետք»,- ասել է Սերժ Սրապիոնյանը։
Ժողովուրդը պետք է համախմբվի, ինքնափրկության գաղափարի շուրջ և սա այլընտրանք, մեր երկրում՝ այս պահի դրությամբ այլևս չունի, վստահ է գրականագետը.«Երբ չի մնում այլևս ելք ու ճար, խենթեր են գտնում մի հնար։ Մենք այս իրավիճակում ենք հայտնվել։ Մեզ քշելով հասցրել են մի այնպիսի պատի, որի քանդման գործիքները, ճիշտ է, մեր ձեռքում չեն, բայց դրանց տեղը մենք գիտենք, այդ գործիքները կան։ Ճակատով՝ այս պատը քանդել չի լինի։ Սևակի դիպուկ բնութագրմամբ՝ «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»։ Մենք, այլևս, այլ ելք չունենք, քան այս շարժման նպատակները կյանքի կոչելն է, այն է՝ անհապաղ իշխանափոխությունը»։
Սրապիոնյանի բնորոշմամբ՝ իշխող խունտան երկար չի դիմադրի, սակայն, հայ ժողովրդի համար առավել դաժան ու դժվարին օրերը գալու են խունտայի հեռանալուց անմիջապես հետո.«Մեզ շատ ավելի դժվար օրեր են սպասվում։ Այն ավերմունքը, որ սրանք հասցրին մեր երկրին ու հոգեբանությանը, մեր արժեքներին ու անվտանգությանը, մեր բարոյական համակարգին ու ըմբռնումներին, այս ամենը վերականգնելու համար տասնամյակների անհրաժեշտություն կլինի»- ասում է գրականագետը։
Հարցին՝ ի՞նչ է մեզ սպասվում, եթե, հանկարծ, սկսված պայքարը հաջողություն չունենա, Սերժ Սրապիոնյանը պատասխանում է՝ իրավիճակն, այդ պարագայում, առավել ճշգրիտ ձևով նկարագրել է Իլհամ Ալիևը, երբ հայտարարում էր, թե Արցախի խնդիր, այլևս, գոյություն չունի.«Եթե, հանկարծ, այս շարժումը տապալվի, իրապես, Արցախի խնդիր այլևս չի լինելու, որովհետև Արցախը, որպես այդպիսին, որպես վարչատարածքային միավոր, այլևս գոյություն չի ունենալու, նույնիսկ Ադրբեջանի կազմում։ Ալիևը վստահ է՝ իր բաջանաղը նստած է Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքում։ Սրանով ինքը շատ հանգիստ է։ Հայաստանի պատմության ողջ ընթացքում չէր եղել մի այնպիսի դեպք, երբ ՀՀ վարչապետի ելույթն այդքան հսկայական դրական էմոցիաներ և արձագանք գտներ թշնամի երկրում, այն, ինչ տեղի ունեցավ այդ մարդու պառլամենտական վերջին քառօրյայից հետո։ Նույնիսկ, շարքային ադրբեջանցին հստակ հասկանում է՝ ի դեմս Հայաստանի առաջին դեմքի՝իրենք ունեն մեծ աջակից։ Հետևաբար, Աստված մի արասցե, եթե իշխանափոխության այս մի փորձն էլ տապալվի, Արցախի մասին պիտի մոռանանք, Սյունիքի գլխին կախված վտանգի մասին դեռ չեմ խոսում։ Իսկ, եթե շարժումը հաղթի, ապա կփրկվի Արցախի մի այնպիսի հատված, որը կենսականորեն խիստ կարևոր նշանակություն ունի մեզ համար, Շուշին Հադրութն ու Բերձորն էլ, հաստատ, մաս չեմ կազմի Ադրբեջանին»,- ասում է բանախոսը։
Ամփոփելով զրույցը, Սերժ Սրապիոնյանը կրկին անդրադարձ է կատարում երեկ, ոստիկանական ուժերի կողմից թույլ տված անընդունելի և դատապարտելի վարքագծի թեմային, հուսալով, որ այդօրինակ դեպքերը Ազատության հրապարակում, չեն կրկնվի.«Ինձ այդ ամենն, իսկապես խիստ վրդովեցրեց։ Տպավորություն է, թե ՀՀ Ոստիկանությունն ինչ -որ կցորդ է՝ մի գրասենյակի, որ կոչվում է ՀՀ Կառավարություն և կատարում է բոլոր այն հրահանգները նույնիսկ ազգադավ, որոնց իրենց իջեցվում է այնտեղից։ Կարելի է ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի Ոստիկանություն, այլ կամակատարների մի խմբավորում,
որին ինչպես ուզում, այնպես էլ ճկում են։ Ընդ որում, ինձ բոլորովին չի հետաքրքրում՝ կվիրավորվե՞ն նրանք, արդյո՞ք այս բառերից, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է նախկին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ Ազատության հրապարակ կատարած այցին, ապա, անկեղծ ասած, դրանով առանձնապես ոգևորված չեմ։ Եթե շատ անկեղծ, ես Վալերի Օսիպյանի մեջ չեմ տեսել սեփական ուսադրներին համարժեք կամքի դրսևորում։ Միաժամանակ, այնքան կույր չեմ, որ չնկատեմ, որ այդ մարդն իր մեջ ինչ- որ ներքին մեղքի զգացողություն է կրում, հավանաբար, այն պատճառով, որ ինչ - որ ժամանակահատված աշխատել է այս ազգուրաց խունտայի հետ։ Նա գիտի, որ այդ մեղքի զգացողությունը երբեք իր մեջից դուրս չի գալու, բայց, միաժամանակ, ամոթի այդ խարանն իր ճակատից սրբել է ցանկանում։ Ուզում եմ հավատալ, որ դա այդպես է։ Նա բավականին կիրթ մարդ է, նույնիսկ, կասեի՝ մեր պատկերացրած ոստիկանին ոչ հարիր կերպարով։ Կարծում եմ, պետք է ըմբռնմամբ մոտենալ Վալերի Օսպիյանի՝ հրապարակ այցելելու որոշմանը։ Նրա այս պահվածքը ես կորակեի որպես Անառակ որդու վերադարձ»,-ասում է ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։