00:00:00

ՍԴ աշխատակազմը մինչ օրս աշխատողներից պահանջում է ՊՇՌ հետազոտության արդյունք. ՍԴ հերթական մանիպուլյացիան բացահայտված է

17:18, 18 ապրիլ 2022 Քաղաքականություն

Հասկանալու համար, թե, ի վերջո, ի՞նչ էր նշանակում այդ որոշումը, արդյոք աշխատողներն այդ որոշումից հետո կրկին պարտավո՞ր են ներկայացնել  ՊՇՌ հետազոտության արդյունք, մենք հարցում ուղարկեցինք ՍԴ աշխատակազմին առ այն, թե հարցման ներկայացման օրվա դրությամբ ՍԴ-ն իր աշխատողներից պահանջո՞ւմ է ՊՇՌ հետազոտության արդյունք:

 

Մարտի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ս. Առաքելյանին էինք ուղղել հետևյալ հարցերը.

Ամիսներ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց աշխատողների հաշվին COVID-19 ախտորոշման՝ ՊՇՌ հետազոտություններ կատարելու և պատվաստվելու պարտականությունների վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով  «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվեց հակասահմանադրական, ինչը հանգեցրեց տարատեսակ մեկնաբանությունների (ՍԴՈ-1621):

1. Արդյո՞ք Սահմանադրական դատարանի համապատասխան աշխատողները վերջին երեք ամսում ուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), բացառությամբ՝ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների:

 

2. Քանի՞ աշխատող ունի Սահմանադրական դատարանը, և նրանցից քանի՞սն են գտնվում վերոնշյալ կետով սահմանված բացառությունների շարքում:

 

3. Եթե ներկայացվել են, ապա խնդրում ենք նշել, թե Սահմանադրական դատարանից ո՞վ է իրականացնում վերահսկողություն նշված պահանջի կատարման նկատմամբ, վերջին երեք ամսում քանի՞ աշխատող է ներկայացրել նշվածը, ո՞ր մարմնին են ներկայացվել այդ տվյալները, և եթե չեն ներկայացվել, ապա ինչո՞ւ:

 

4. Եթե չեն ներկայացվել աշխատողների կամ մի մասի կողմից ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, ապա խնդրում ենք նշել, թե ինչո՞ւ:

 

5. Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրական դատարանում, քանի՞ նոր աշխատող է ընդունվել աշխատանքի, որ կառուցվածքային ստորաբաժանումներում, ինչ հիմքով (մասնավորապես՝ մրցույթով թե առանց, եթե այո, ովքե՞ր են եղել մրցութային հանձնաժողովում, ի՞նչ չափանիշների հիման վրա է եղել ընտրությունը, եղե՞լ է արդյոք նախապես հայտարարություն, թե՞ ոչ (վերջին երկու տարում), խնդրում ենք տվյալը ներկայացնել ըստ ամսաթվի):

Ապրիլի 15-ին ՍԴ-ից ստացանք պատասխան գրություն:

 

Ըստ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի պատասխանի, Սահմանադրական դատարանն իր աշխատողներից շարունակում է պահանջել ՊՇՌ հետազոտության արդյունք, ավելին՝ չներկայացնողների հետ իրականացվել են պարզաբանումներ (նշվածը, իհարկե, չի համապատախանում իրականությանը, ինչին, սակայն, չենք անդրադառնում, քանի որ առնչելի չէ հոդվածի բուն առարկային):

Փաստորեն, առաջին հայացքից զավեշտ հիշեցնող Առողջապահության նախարարության մեկնաբանությունը ճիշտ էր, մյուսներինը՝ սխալ. ըստ ՍԴ-ի՝ ոչ թե թեստ հանձնելու պարտականությունն է չեղարկվում, այլ պարզապես թեստ հանձնողի փոխարեն՝ կարող է վճարել նաև նրա բարեկամը, հարևանը, տատիկը կամ պապիկը:

 

Թեև զարմանալ էլ պետք չէ: Ի վերջո, եթե այլ ժամանակաշրջանում նման մեկնաբանությունը կարող էր ընկալվել որպես զավեշտ և  անարգանք բարձր դատարանի նկատմամբ, ապա Նիկոլ Փաշինյանի Հայաստանի և նրա սրտի ՍԴ կազմի դեպքում դրան պետք էր առավել լուրջ և հանգիստ վերաբերվել: Մենք այլևս գործ ունենք գործադիրից սերտաճած ու ամորֆ մարմնի հետ, որի նույնիսկ ապաքաղաքական որոշումները կայացվում և դրանց մեկնաբանությունները տրվում են այլ վայրում:

 

Մնում է հուսալ, որ ՍԴ-ի կողմից չի բերվի հակափաստարկ առ այն,  որ ՍԴ աշխատակազմն ու դատական կազմը նույն մարմինը չեն, և հնարավոր է, որ ՍԴ աշխատակազմը ևս սխալ է մեկնաբանել ՍԴ նշված որոշումը, իսկ ՍԴ տարեկան հաղորդման մեջ արված «ամոթանքը» առ այն, որ հանրային իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից նկատվում է ՍԴ որոշումների նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունք, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված հիմնախնդիրներն անհրաժեշտ իրավական լուծումներ ստանալու փոխարեն՝ կասկածի տակ են դրվում անգամ Սահմանադրական դատարանի որոշումները կամ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ոչ ավել, ոչ պակաս, վերաբերում է հենց ՍԴ աշխատակազմին:

 

Հ.Գ. Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակի պատասխան-նամակի այլ հարցերին կանդրադառնանք առաջիկայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր