Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ սյունեցիներ
Ի փառավորումն և ի նշանավորումն քրիստոնեության մեծագույն և նշանակալի տոնի, սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին:
Քրիստոսի հրաշափառ Հարությունը դարձավ մեր հավատի հիմքը, նոր կյանքի ճանապարհ՝ պայծառացած կենարար լույսով, մարդկությանը պարգևեց մահին հաղթելու և հավիտենական կյանքը ժառանգելու երկնային շնորհը։
Հայ ազգը դարեր շարունակ այդ հավատի շնորհիվ է ապրել ու հարատևել՝ անցնելով բազմաթիվ փորձությունների,պատերազմների ու դժվարությունների միջով։
Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալ հայի սրտում իր խղճի և հավատքի հետ միասին:
Այդ հավատն է ապրելու և պայքարելու ուժ տալիս նաև այսօր, երբ կորսված է Արցախի զգալի մասը, երբ ունենք սահմանային անվտանգության լրջագույն հարցեր:
Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:
Սիրելի՛ հայրենակիցներ մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:
Աստված պահապան բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։