ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակից,
Արցախի դրոշի տեղադրումը նախ և առաջ ունի քաղաքական նշանակություն: Այն սովորական ակցիա չէ, այլ քաղաքական խոսք, պայքարի և համոզմունքների ուղերձ:
Ընդդիմությունը չի պատրաստվում մոռանալ մեր ժողովրդի արյամբ ձեռք բերված ազատությունն ու Հայրենիքը: Ընդդիմությունը չի հանդուրժում իշխանությունների խաբեությունն ու աչքակապությունը:
Նիկոլի խունտան, էժանագին բառաֆոնդով փորձում է խաղաղության պատրանք ստեղծել: Դա մեծ աֆյորա է, որը ցավոք աշխատում է: Պարզ մարդիկ խաղաղություն անունը լսում են ու անմիջապես ընկնում Նիկոլի լարած հերթական թակարդի մեջ: Սա շատ վտանգավոր մոտեցում է:
Խաղաղությունն ու ազատությունը բացարձակ արժեքներ են, եթե գիտես ինչպես հասնել դրանց: Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը իր սխալ ու դավադիր գործողություններով մոտեցնում է հաջորդ պատերազմի վտանգը:
Հիշեք, թե ինչ արեցին նրանք 2020թ-ին և ինչպես խարխլեցին բանակցություններն ու բերեցին պատերազմի: Հիմա նույն կերպ, «խաղաղության» մանդատով Արցախն են տեղավորում Ադրբեջանի կազմում: Դա չի կարելի թույլ տալ, որովհետև Հայաստանը հայտնվելու է թուրքի ոտքերի տակ: Տրորելու են անխնա:
Ընդդիմությունն է այսօր դարձել Արցախի ու Հայաստանի խաղաղության անուղակի երաշխավորը` իր գործողություններով ու քաղաքական պայքարով: Դա շուտով ավելի պարզ ու ցայտուն կլինի բոլորի համար»: