Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Սոթքի հանքավայրի ճնշող մեծ մասը կորցրած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հիմնական բաժնետեր Տրոցենկոյի՝ ՀՀ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքից հետո, «մոռացել է » կրած վնասների մասին։
2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Սոթքի հանքի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ բրիտանական Անգլո Աժիան Մայնինգ ընկերությունը հայտարարել էր, հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո եւ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանք։
Փորձագիտական շրջանակների կողմից գնահատականներ էին հնչում, որ «Գեոպրոմայնինգն» ունի իրավական բոլոր հիմքերը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, քանի որ ՀՀ կառավարության գործողությունների հետեւանքով կրել է զգալի նյութական վնաս։ «Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը, ըստ նրա, կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։
Ու հանկարծ տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում. խիստ կասկածելի հանգամանքներում զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը՝ առանց մյուս բաժնետերերի գիտության ու համաձայնության վաճառվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության բաժնետեր Ռոման Տրոցենկոյին, նույն ինքը՝ Ռուսաստանում, ըստ ռուսական մամուլի, պետական մարմինների միջամտությամբ, բիզնեսներ խլելու գործում վարպետացած ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյին, ինչի հետո կարծես լռության մատնվեց Սոթքում կրած վնասների հանգամանքը։
«Փաստինֆո»-ն դեռեւս մարտի 16-ին գրավոր հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլիին՝ կապված կապիտուլյացիոն ակտի հետևանքով ընկերության իրավունքների խախտման, կրած վնասների, Սոթքի հանքի շահագործման հարցերի առնչությամբ, սակայն ընկերությունը կասկածելի գործարքների արդյունքում այլեւս չունի որեւէ ասելիք։
Ընկերությանը, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացման արդյունքում GeoProMining ընկերության շահերն ու իրավունքները արդյոք խախտվել են, որքան է կազմել ընկերության կրած վնասը։ Խնդրել էինք առանձին նշել փաստացի կրած նյութական վնասի չափը եւ թե որքան եկամուտից է զրկվել նշված եռակողմ հայտարարության արդյունքում հանքի տարածքի մի մասը ադրբեջանական հսկողությանը հանձնելու հետեւանքով, ինչ քայլեր են ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները պաշտպանելու, կրած կորուստների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Փորձել էինք պաշտոնապես պարզել, թե որն է պատճառը, որ փոխհատուցման հարցով հայց չեն ներկայացրել միջազգային համապատասխան ֆինանսական կառույցներին, արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, առավել եւս, երբ փորձագետների գնահատմամբ, ընկերությունն ուներ հայցը շահելու գրեթե երաշխավորված հնարավորություններ: Հետաքրքրվել էինք նաեւ, թե որևէ ձևաչափով ՀՀ իշխանությունների հետ գրավոր կամ բանավոր, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվել է արդյոք Սոթքի հանքի շահագործման անհնարինության, հասցված վնասների փոխհատուցման, անձնակազմի պահպանման, հանքի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման և հարակից այլ հարցեր:
Ընդ որում, տեղեկություններ կան, որ, այնուամենայնիվ, մտադրություն և որոշում ունեցել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել, սակայն 2021 թ. ընթացքում հրաժարվել են այդ մտքից և մենք հետաքրքրվել ենք, թե որն է որոշումը վերանայելու դրդապատճառը, և արդյոք այն կապ ունի ընկերության կողմից ԶՊՄԿ մասնաբաժնի ձեռքբերման գործարքի հետ:
Մեկ այլ հարցով փորձել էինք պարզել, թե մեծ վնասներ կրած ընկերության՝ ՀՀ կառավարության նկատմամբ շռայլությունն ինչով է պայմանավորված։ Ընկերությունը զրկվել է Սոթքի ոսկու հանքի պաշարների 75 տոկոսը շահագործելու հնարավորությունից և ըստ այդմ` համապատասխան ծավալի ակնկալվող եկամուտներից, սակայն Գեոպրոմայնինգ ընկերությունը 2021 թ. Սեպտեմբերին, գործարքին զուգահեռ, հայտնեց, որ աշխատատեղեր չի կրճատելու, իսկ սեպտեմբերի 30-ին կնքված ԶՊՄԿ գործարքով անգամ ՀՀ կառավարությանը փաստացի նվիրաբերեց նոր ձեռքբերած ակտիվի զգալի մասնաբաժինը:
Բացի այդ՝ ընկերությանը հիշեցրել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված «Գեոպրոմայնիգին» դատի տալու մասին և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էկոլոգիական խնդիրների առաջացման մասին, ընկերության խմբին պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից ԶՄՊԿ֊ի մասնաբաժին ձեռք բերելուց հետո դադարեցրեց նման հայտարարություններով հանդես գալը և փորձել ենք պարզել, թե ինչով են դա պայմանավորում, որևէ աշխատանք կատարվե՞լ է արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ։
Գեոպրոմայնինգ ընկերությունը, ձգձգելով, խուսափել է պատասխանել նշված հարցերին՝ դրանով իսկ անուղղակի հաստատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների մասին մեր կասկածները, կոռուպցիոն գործարքի գնալու հանգամանքը։
Հիշեցնենք՝ դեռեւս 2021 թվականի օգոստոսին դատարանը վարույթ էր ընդունել ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատիրոջ հայցը՝ ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վաճառքի դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունը տալ իրեն՝ որպես բաժնետեր։ Իսկ որպես հայցի ապահովման միջոց ներկայացրել նաեւ բաժնետոմսերի վաճառքի վրա արգելանք դնելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել էր։ Ու մինչ դատարանը քննության առարկա կդարձներ բուն հայցը՝ սեպտեմբերի վերջերին մեկ այլ դատարան անհապաղ նիստ է հրավիրել ու վերացրել 75 տոկոս ու բաժնետոմսերի վրա դրված արգելանքը, ինչից հաշված ժամեր անց հայտնի է դարձել, որ դրանք ձեռք է բերել Տրոցենկոն ու անգամ հասցրել մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը, իսկ թե ինչի դիմաց պարզ չէ։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գործարքը ոչ թափանցիկ որակեց՝ արձանագրելով, որ հետագայում էլ պարզաբանումներ չեն տրվել։ Ավելին՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը եւս ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգ»-ն այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։
Ի դեպ, բաժնետոմսերն արգելանքից հանելու որոշումը արդեն վերաքննիչ դատարանը անօրինական է գնահատել ու վերացրել։ Եւ հենց այս փաստերն էր փորձագետների մոտ արդարացված գնահատական են ձեւավորել, որ Տրոցենկոն ԶՊՄԿ-ի 75 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել քաղաքական կոռուպցիայի արդյունքում։