00:00:00

Դա Լավրովի ընկալումն է, ՀՀ–ն հեռու է մտքից, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է գործունակությունը․ Աղաջանյան

23:23, 08 ապրիլ 2022 Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին մեր ընկալումներն այլ են, մենք այս ձևաչափով աշխատելու վերաբերյալ պատրաստակամություն ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից էլ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։

«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից բնականաբար, թերևս, անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել, ռուսական կողմից մենք ունենք դրական ազդակներ, պատրաստակամություն շարունակելու այս ձևաչափով աշխատանքները։ Եվ նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերների հետ»,– ասել է նա։

Էդուարդ Աղաջանյանը հավելել է, որ այդ առանձին շփումներում ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այնուամենայնիվ, ընդգծել են, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ և բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ «Եվ ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում ևս հնարավոր է, որ լինի»,– ասել է նա։

Հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ հարկավոր է նոր ձևաչափ փնտրելու, Էդուարդ Աղաջանյանն ասել է․«Ոչ, ես հենց դրան էի ուզում անդրադառնալ։ Ես կարծում եմ, որ սա առնվազն նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության ակտուալությունը որևէ կերպ չի կարելի հարցականի տակ դնել»։

Դիտարկմանը, թե Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը, Էդուարդ Աղաջանյանն արձագանքել է․«Դա Լավրովի ընկալումն է։ Ես վստահ եմ, որ այս լարված ֆոնին, բնականաբար, նմանատիպ ընկալումներ հնարավոր են, այդ թվում՝ մյուս կողմի մեր գործընկերների համար։ Եվ այստեղ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի և հայկական կողմի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը։ Եվ սրա համար բոլոր հիմքերը կան՝ հաշվի առնելով մեր գործընկերների հետ առանձին–առանձին մեր շփումները։ Եվ հայկական կողմը հեռու է այն մտքից, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կորցրել է իր գործունակությունը և ակտուալությունը և հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ձևաչափով վերստին սկսվեն և շարունակվեն այն բանակցությունները, որոնք ընդհատվել են պատերազմից հետո»։

Հարցին, թե արդյոք այն, որ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի դեմարկացիայի հարցերով, նաև երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է զբաղվել խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներով, չի ենթադրում, որ այդ գործընթացն արդեն Մինսկի խմբից դուրս է, ֏ ըստ էության, երկկողմ ձևաչափով է ընթանալու դա, Էդուարդ Աղաջանյանը բացասական պատասխան է տվել։

«Ոչ չի նշանակում, որովհետև Ձեր կողմից նշված այդ հանձնարարությունում նշված է, որ երկու կողմի արտաքին գործերի նախարարները պետք է մշակեն այն նախնական դրույթները և սկզբունքները, որոնց շուրջ պետք է այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ինչը նշանակում է նաև քննարկում բուն բանակցությունների ձևաչափի վերաբերյալ, ինչը բնականաբար կենթադրի քննարկում նաև Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, այդ բանակցությունների ընթացքը, որին, ինչպես ես արդեն նշեցի, հայկական կողմը միանշանակ կողմ է։ Եվ այդ քննարկումների ժամանակ վստահ եմ, որ հայկական կողմը դա ևս առաջ կքաշի»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր