Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի ներկայացուցիչներ Շառլոտ Ռիոֆին և Մարգո Արմանդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Մարզպետը ողջունել է հյուրերին, այնուհետև իր և մարզի բնակչության անունից շնորհավորել հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նշել որ այդ առթիվ մարզի համայնքներում ու կազմակերպություններում նախատեսված են տարբեր միջոցառումներ։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2011 թվականին Օ դը Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հուշագրի ստորագրումից հետո կատարված աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Օ դը Սեն դեպարտամենտի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Շառլոտ Ռիոֆը ներկայացրել է այցի նպատակը, այն է՝ ոչ միայն ծանոթանալ կատարված աշխատանքներին, այլև քննարկում ունենալ համագործակցության զարգացման ընթացքի, աշխատանքների նկատմամբ հետևողականության անհրաժեշտության շուրջ։ Նշվել է, որ հետաքրքրված են ջրի կառավարման, մասնավորապես Լուսաձորի ֆերմայի կոյաջրերի մաքրման հարցով, ինչպես նաև տնկարանի ու տնկիների ստեղծման գաղափարով։