Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Քննարկվել է երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
« Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործարկման ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ: