Հայաստանի քաղաքացիների շուրջ 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Այս մասին են վկայում «GALLUP International Association»–հայկական ներկայացուցչության հարցման տվյալները:
Հարցին՝ կո՞ղմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը` ՀՀ քաղաքացիների 59.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դեմ են, իսկ 8.7 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դեմ են դրան, ավելի շուտ կողմ են հարցվածների 15.1 տոկոսը, միանշանակ կողմ են 11.2 տոկոսը:
Հայաստանում հարցվածների 48.3 տոկոսը Արցախում կատարվողի համար մեղավոր է ճանաչում Ադրբեջանին, 27 տոկոսը մեղավոր է ճանաչում ՀՀ իշխանություններին և 14․1 տոկոսը կարծում է, որ մեղավոր են ռուս խաղաղապահները։ Նշենք , որ տվյալներն այսօր հրապարակել է «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը և հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ըստ էության՝ հարցումները հերքում են Արարատ Միրզոյանի հայտարարությունները: