Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում:
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:
Օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտածները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները քննական առարկաների առցանց հայտագրում կարող են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը:
Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ