Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք դոլարի կուրսի նվազմանը զուգահեռ գների նվազում արձանագրվում է՝ հաշվի առնելով այն, որ գնաճը կապ ուներ նաև դոլարի կուրսի հետ։
Նախարարը հայտարարեց, որ ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 5-ին, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մարտի ինֆլյացիայի թվերը․ «Չեք կարդացե՞լ, պաշտոնական լրատվությանը չեք հետևո՞ւմ»։
Լրագրողի դիտարկմանը, որ պաշտոնական լրատվություն տվողն այս պահին ինքն է, նախարարը հայտարարեց․ «Մենք էլի վերադառնում ենք ձեր աշխատանքային մակարդակի հարցին։ Հրապարակվել է ինֆլյացիայի թիվը, բարի եղեք կարդացեք, պատրաստ եկեք այստեղ։ Դուք անպատրաստ գալիս եք։ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքում մանրամասն բացվածքը կա գնաճի, գնացեք կարդացեք»։
Երբ լրագրողը կարծիք հայտնեց, թե տպավորություն կա, որ հենց նախարարը չի կարդացել թվերը, չի տիրապետում ինֆորմացիային՝ հայտարարելով, որ լրագրողը հարց է տալիս պաշտոնյային, որպեսզի վերջինս համապարփակ ինֆորմացիա տա հանրությանը և ողջ հանրությունը չէ որ տելեգրամ ունի, նախարարը հայտարարեց, որ չի պատասխանելու անգրագետ հարցերին ու հեռացավ։
«Անգրագետը Դուք եք, պարոն Քերոբյան, մի վիրավորեք»,-հայտարարեց լրագրողը։