Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ապրիլի 7-ի կապակցությամբ:
Սիրելի՛ հայուհիներ
Մեծագույն սիրով ու խոնարհումով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Առաքինի կերպարը, իդեալական կնոջ մարմնացումը հայուհիների մոտ միշտ ընդգծված ձևով է դրսևորվել ու դրսևորվում։
Յուրաքանչյուրդ Շահանդուխտ ու Սիրանույշ եք, Սոսե ու Զապել եք, քանզի շատերդ Արցախյան պատերազմների ժամանակ հերոսության և նպատակասլացության բազմաթիվ օրինակներ եք ցույց տվել: Ու ոչ միայն․ հայ կնոջ սխրանքները երևացել են նաև Սասունի, Զեյթունի, Վանի և այլ հերոսամարտերի ընթացքում: Հայ կինը աչքի է ընկել ոչ միայն իր սխրագործություններով կռվի դաշտում, այլ նաև թիկունքում:
Հայեցի և ամուր ընտանիք ստեղծելուց մինչև կրթական, քաղաքական, հասարակական ոլորտ՝ կարողացել եք կերտել ազատասեր հայուհու իսկական կերպարը։ Ու պատահական չէ, որ մեր գուսանները, երգահաններն ու բանաստեղծները իրենց լավագույն գործերը ձեզ են ձոնել։
Հեռուներից փոխանցում եմ ամենաջերմ մաղթանքներս յուրաքանչյուրիդ, մեկ անգամ ևս շեշտելով խորին երախտագիտությունս: Ցանկանում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին պարզ մարդկային երջանկություն, տոկոնություն ու լավատեսություն՝ դիմակայելու դժվարություններին և կյանքի մարտահրավերներին։