VNews-ը «Սամպդորիա» -«Ռոմա» խաղից հետո հարցազրույց է անցկացրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանը մեզ հետ խոսեց հանդիպման, մրցաշրջանի մնացած հատվածի, «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը հնարավոր թարմացնելու և հավաքականում խաղակոշիկները մեխից կախելու մասին:
- Նախ՝ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Հավանաբար նկատել եք, որ այս տարի հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ավելի ներքևի հատվածում. փակում եմ հենակետային կիսապաշտպանի գոտին։ Բայց վերջին խաղերում նորից դիրքս փոխել եմ. խաղում եմ ենթահարձակվողի գոտում, քանի որ մարզիչը մի փոքր փոխել է թիմի սխեման։ Այս պարագայում էական չէ դիրքը. կարևորը՝ թիմին օգնեմ ամեն խաղում հաղթանակ տոնելու հարցում։
- Կարծում եմ՝ ի տարբերություն մրցաշրջանի առաջին հատվածի՝ թիմն ու տղաներն ավելի փորձառու են դարձել։ Ժամանակի ընթացքում սովորել ենք միմյանց, հիմա արդեն գիտենք՝ ով որտեղ է լինելու հաջորդ պահին, սովորել ենք միասին գրոհել ու պաշտպանվել։ Բնականաբար, չէր կարող հեշտ լինել, քանի որ նոր մարզչի հետ ենք աշխատում, մի շարք ֆուտբոլիստներ հեռացան, նրանց փոխարեն եկան նորերը։ Խաղ կառուցելու համար ժամանակ է անհրաժեշտ, ու այդ ընթացքում կարող են պատահել սայթաքումներ, բայց հիմա թիմը լավ վիճակում է։ Բայց առաջ չեմ ուզում ընկնել. դեռ 2 ամիս ունենք, առջևում բազում խաղեր կան։ Մենք հիմա մտածում ենք միայն հաջորդ խաղի մասին. հեռուն չենք նայում։ Միայն մրցաշրջանի վերջում կերևա՝ ինչպես ենք մենք աշխատել և ուր ենք հասել։
- Հենրիխ, այս մրցաշրջանի ավարտին մնացել է երկու ամիս, ինչից հետո «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է. կա՞ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկար, մանավանդ, որ Մոուրինյոն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Ձեզ թիմում պահելու համար։
- Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի։
- Հենրիխ, վերջերս հայտարարել եք միջազգային կարիերան ավարտելու մասին. ի՞նչ զգացողություններ եղան նման բարդ որոշում կայացնելիս, ինչու՞ դիմեցիք այդ քայլին և ինչպիսի՞ն է հիմա գրաֆիկը, երբ այլևս չկա միջազգային հավաքներին մասնակցելու անհրաժեշտություն։
- Իսկապես բարդ էր, բայց ինչ արած. հիմա պետք է հաշվի նստել այդ որոշման հետ։ Ինձ համար հեշտ չէ, սակայն ես գիտեմ, որ շատ բան եմ արել իմ երկրի ու Հայաստանի հավաքականի համար։ Հիմա ժամանակն է, որ այդ ճանապարհն անցնեն երիտասարդները։ Հայաստանի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում։ Հիմա հերթը երիտասարդ տղաներինն է՝ հավաքականն այդ երազանքի հետևից տանելու համար։ Ես հավատում եմ նրանց ուժերին։ Մենք ունենք լավ սերունդ, ես նրանց հաջողություն եմ ցանկանում ու կարծում եմ, որ նրանք կհասնեն այդ նպատակին։