Ավտոբուսներն ու տրոլեյբուսները լվանալուց հետո ո՞նց եք չորացնելու, շորո՞վ են չորացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմելով «Երեւան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանին:
Նա նաեւ ասաց. «Նախ այն նամակը, որ ինձ եք ուղարկել, անցած անգամ հայտարարեցիք, որ էդ գնով Երեւանում է, եթե մի անգամ կարդաք, կտեսնենք, որ էդ գնով Երեւանում չի: Իր մաքսազերծումը, տեղափոխման ծախսերը էդ բոլորը որ գումարում եք, էդ թիվը չի կազմում: Արդեն 4-րդ ամիսն է նպատակային պռավալ եք տալիս, ուրիշ բան չեմ կարող ասել: Անցած անգամ ես ասացի՝ պռավալ է ու այդպես էլ ոչ ոչ չմասնակցեց: Հիմա երկրորդն է: Հիմա հարց եմ տալիս, այդ բնութագիրը, որ գրել եք ավտոբուսներն ու տրոլեյբուսները ոնց են չորացնելու: մեջը բան չկա գրած: Վերցրել պարամետրերն էլ ընդհանուր առմամբ թուլացրել եք: Որակյան բան պետք է առնենք: Դա մենակ տրոլեյբուսները չի, ավտոբուսներն էլ հետն է լվալու: Պատկերացո՞ւմ եք՝ ինչ ինտենսիվությամբ պետք է աշխատի: Պարոն Երեմյան, ես ձեզ վստահաբար ասում եմ՝ չի աշխատելու: 600-ից ավելի ավտոբուս ենք ունենալ, մի հատ լվացման կայան ենք ուզում դնել, դուք էնպիսի պարամետրեր եք գրել, որ մեկ ամիս հետո չաշխատի»:
Հարություն Երեմյանը հավաստիացրեց՝ կտեսնեք, որ կաշխատի, ինչից հետո քաղաքապետն էլ ավելի բորբոքվեց. «Չէ, ես չեմ ուզում: 40-ից ավելի միլիոն բյուջեից չեմ ծախսելու, որ մեկ ամիս հետո ասեմ՝ տեսաք, ես ճիշտ էի: Գնացեք նորմալ բնութագիր գրեք»: