Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել:
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:
Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում:
Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են: