«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․
«Եթե այսօր անցկացվեր սոցհարցում, դրանց պատասխանը գուցե մեզ ցույց տար, որ հասարակության մի պատկառելի մաս գտնվում է կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի տեքստերի ազդեցության տակ, այն է՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ուրեմն դրանից խուսափելու միակ ճանապարհը արագ խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ նրանց իսկ պայմաններով։ Ու սա բնական մարդկային ռեակցիա է. չի կարելի մեղադրել մարդկանց՝ «պատերազմի» փոխարեն «խաղաղություն» ուզելու մեջ։
Հետևաբար՝ դժվար չէ հասկանալ, թե ինչու չկա ընդվզում։
Վերջին 2-3 օրը ակներև դարձրեց մի շատ կարևոր խնդիր. չկա այն քաղաքական համակարգը, որը ճիշտ շեշտադրումներով կխոսեր հասարակության հետ, կբացատրեր իրավիճակը, այլ տեսանկյունից կներկայացներ ռիսկերը և լուծումները։ Չկա այն կազմակերպված համակարգը, որը կձախողեր իշխանության սցենարը, որը հետևողականորեն առաջ է տանում իր պնդումները, թե՝
- Մենք կանգնած ենք նոր լայնածավալ պատերազմի շեմին։
- Դրանից խուսափելու միակ տարբերակը Ադրբեջանի պայմաններն ընդունելով խաղաղության պայմանագիրն է։
Ի՞նչ է արվել՝ հասարակությանը ա´յլ տեսլական ներկայացնելու և առաջարկելու համար։ Ոչ մի հետևություն չարվեց 5 ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ի «դիմադրության և բարիկադների» ձախողված պրոցեսից։
Որպես առաջին քայլ՝ պետք էր հասարակությանը բացատրել, թե ի´նչ ասաց Նիկոլը, շերտ առ շերտ բացել նրա ելույթը, բացել տողատակերը։ Բայց նույնիսկ սա չի արվել։ Հասարակության լայն շերտերը պարտավոր չեն ամեն նրբություն հասկանալ, դրա համար կան քաղաքական և քաղաքացիական համակարգեր, որոնք պետք է գրագետ ու նպատակային աշխատեն՝ բացատրելու, պարզաբանելու համար։ Սա չի արվել, ու հիմա մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ միլիոնից ավել մարդ չի գիտակցում վիճակի լրջությունը։
Իշխանության «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ, մանիպուլյատիվ թեզին, 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, չի ձևակերպվել այլըտրանքային թեզ։ Պրոբլեմը սրա մեջ է։ Սա մեկ օրվա գործ չէ, սա մեկ օրվա տապալում չէ։ Նոյեմբերի 9-ից հետո քաղաքական պրոցեսների որոշումներ կայացնողները չուզեցին ընդունել, որ միտինգ- հրապարակ-առանց հստակ ասելիքի հարթակ եռամիասնությունը շատ հին պատկերացում է և ոչ մի արդյունք չի տալու։
Մինչև չլինի գործող իշխանության ասելիքին ի պատասխան ձևակերպված այլընտրանքային բովանդակություն, որը հասանելի կլինի լայն շերտերին, կմտնի մարդկանց տները, կդառնա ամենուր քննարկման թեմա, հնարավոր չի լինելու հասնել լայն կոնսոլիդացիայի։ Հնարավոր չի լինելու տանը նստած 800 հազարին արթնացնել, իսկ Նիկոլին քվեարկած 680 հազարին, որը վաղուց արդեն առաջվանը չէ, հասկացնել, որ հայրենիքը ընդհանուր է։
Թե´ ընտրություններից առաջ, և թե´ ընտրություններից հետո չգիտակցվեց, որ սեփական հասարակության և միջազգային հանրության համար հնարավոր է հասկանալի և ընդունելի դառնալ, եթե հանդես ես գալիս սեփական բովանդակային փաթեթով, որը ներառելու է անվտանգությունից մինչև քաղաքացու սոցիալական խնդիրները։ Իսկ այդ փաթեթը մշակելուց հետո, պետք է կատարել դժվար մանրակրկիտ կազմակերպչական աշխատանք։ Եթե չես անում ո´չ մեկը, ո´չ մյուսը, տանուլ կտաս լավագույն դեպքում պայքարը, իսկ ավելի իրական է՝ պետությունը։
Արժանապատիվ խաղաղության գաղափարը լավագույն տարբերակն էր՝ նիկոլականությունը կազմաքանդելու համար, այսօրվա իրականությանը բովանդակային այլընտրանք ձևակերպելու համար։
Արժանապատիվ խաղաղություն ձևակերպումը տիրաժավորվեց հուշաթերթիկների, բայց՝ միայն այդքանը։
Առաջին անգամ այն հնչեցվեց երևի մեկ տարի առաջ, ու դրանից հետո այն պիտի ստանար ծրագրային մշակում, պիտի դառնար հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փաստաթուղթը։ Չարվեց։
Այդ պատճառով դեռ կա Նիկոլի իշխանությունը, Նիկոլի երեկվա ելույթը, այսօրվա ահռելի ռիսկերը։ Ու կա, կարծես թե, անելիքի չիմացություն՝ հերթական անգամ։
Հանրահավաք պետք է, բայց որպեսզի այն կարելի լինի հաջողված համարել, որպեսզի այն իրոք ծառայի իր նպատակին, պետք է նախ մինչև հանրահավաքը մարդկանց հանգիստ, առանց բղավելու, առանց միտինգային պաթոսի բացատրել, թե ինչո´ւ ենք հավաքվում, իսկ արդեն հարթակից մարդկանց ասել, թե ի´նչ ենք առաջարկում և ինչ ենք պատրաստվում անել՝ իրար թև ու թիկունք եղած»։