00:00:00

ԼՂ-ում ստեղծված իրավիճակը պահանջում է,որպեսզի միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկվեն

21:25, 01 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային հայցով Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախքան երկու պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից հատվածներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։

ՀՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է․ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, քանի որ Ադրբեջանը չի դադարեցրել իր ներխուժումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ»։ Այս համատեքստում շեշտվել է ադրբեջանական զինված ուժերի՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ մինչև զինված ներխուժումը վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները վարել են Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևողական քաղաքականություն, որի նպատակն է ամբողջական էթնիկ զտման ենթարկել Արցախը։ «Ստեղծված իրավիճակը նաև պահանջում է, որպեսզի ԵԱՀԿ նախագահության և միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկվեն՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ապահովելու միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անարգել ներգրավվումը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Ներկայացվել է նաև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել 2020 թ․ 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման հարցին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերին։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման և ամրապնդման հեռանկարները։

Հանդիպմանը հետևել է նախարարների մամուլի համար հայտարարությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր