Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ընդդիմությունը ցույցեր է նախաձեռնում:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին, ժամը 18․30-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ քննարկելու՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը:
Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, ակցիան նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այն կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը։
«Խորհրդարանն այս իրավիճակում ադեկվատ չէ երկրի մարտահրավերներին, սա կեղծ օրակարգ է՝ հասարակությանը շեղելու համար, իրական առնչություն չունի երկրի բուն մարտահրավերների հետ, հաշվի առնելով նաև, որ խորհրդարանն ի վիճակի չէ քննարկել իրական խնդիրները, մենք մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ հանրահավաքի՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր տարբերակներից»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հանրահավաքը նաև կանխարգելիչ բնույթ ունի՝ ապրիլի 6-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ.
«Տեղի են ունեցում գործընթացներ, շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները ներկա լինեն այդ հանրահավաքին և արձանագրվի, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ նոր զիջումների տանելու»,-ասաց Սաղաթելյանը: