ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր առնչությունը մեծահարուստ Նարեկ Նալբանդյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե տվյալ գործարարին տեսել է ընդամենը մեկ անգամ, երբ Սևան Ազգային պարկի տարածքում գտվող 8 հանրային լողափերից 3-ի մասով Ազգային պարկը մրցույթ էր հայտարարել։ Մրցույթը հայտարարվել էր դեռևս 2021 թվականի սկզբին։
«Արդյունքում երկու սուբյեկտ էր շահել լողափերի կահավորման ու կառավարման տենդերները, բայց անհրաժեշտ պայմանների, պայմանագրային պարտականությունների չկատարման հիմքով այդ երկու պայմանագրերը խզվեցին։
8 հանրային լողափերից 3-ի կառավարումը, եթե չեմ սխալվում՝ 3 տարով, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանձնվել է այդ ընկերությանը, որն իր միջոցներով կահավորել է հանրային լողափերը։
Մեր միակ հանդիպումն այդտեղ է կայացել, երբ ես շրջայց եմ կատարել»,- ասաց նա պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ ունի նորահայտ մեծահարուստ Նարեկ Նալբանդյանի հետ, ով գնել է Հովիկ Աբրահամյանի դղյակը, ինչպես նաև Գոլդեն Փելիս հյուրանոցը։
Պետրոսյանը կտրականապես հերքեց բոլոր այն տեղեկությունները, որ որևէ կապ ունի տվյալ անձնավորության հետ։