Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, այսօր քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից հայտնում են, որ քննարկումների առանցքում գտնվել են Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։ Հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։