Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի։ Այս ռիսկը նյութական է դառնում: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանի նախկին արտգործնախարարն իր գրառման մեջ հիշատակել է նաեւ վերջին էսկալացիայի հետեւանքով Արցախի կրած կորուստները։
«Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը հրազենի եւ անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ բայրաքթարների կիրառմամբ։ Արցախում 3 զոհ եւ 14 վիրավոր կա»,- գրել է նա։
«Ավելի քան 2 շաբաթ է, ինչ ցրտաշունչ եղանակին Արցախը մնացել է առանց գազի։ Պայմանները սահմանակից են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է դեպի Արցախ միակ գազատարի վերանորոգումը, որն իր վերահսկողության տակ է գտնվում։ Աշխարհը հմայիչ կույր է։ Այստեղ ոչ մի նոր բան չկա»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։
Ինչպես նշում է Հայաստանի նախկին արտգործնախարարը, այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդի համար էքսիզտենցիալ սպառնալիքի մասին։
«Նրանց պայքարը միշտ ուղղված է եղել իրենց հողում գոյատեւմանն ու անվտանգությանը։ Ադրբեջանի իրավասության տակ գտնվող Արցախը Լեռնային Ղարաբաղն է՝ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել այդ նպատակը»,- ընդգծել է նա։