«5165 շարժումը» հայտարարություն է տարած Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․
«Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։
Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։
Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։
Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։
Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։
Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։
Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։
Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»։