Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին, Կառավարության՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացվել են համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման 2020թ. և 2021թ. արդյունքները, ինչպես նաև քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ (hամայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված` մի շարք բնակավայրերի նույնանման ծրագրերը ամփոփված են մեկ հայտի մեջ)․ Կառավարության համաֆինանսավորման չափը կազմում է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն։
Ներկայացնելով համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման վերջին երկու տարիների արդյունքները՝ զեկուցվել է, որ 2021 թվականին Հայաստանի բոլոր մարզերը 2020 թվականի համեմատ 5.5 մլրդ դրամով ավելի շատ հավաքագրում են իրականացրել։
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների ընթացքը, հետևողական լինել ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի, այլև, առհասարակ, Կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք այլ հարցեր: