Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց հավելում, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում: Վարչապետի խոսքով՝ գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, եւ դրա պատճառները կարելի է իմանալ՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով:
Վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում:
Փաշինյանը հավելեց՝ հասկանում են, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեն, եւ դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձեւավորվում է բոլորի տված հարկերի հաշվին: «Իսկ թե մենք ինչպես ենք հավաքագրում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամ: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետեւ իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի եւ իրավունքների հետ են առնչություն ունենում եւ հետո այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի եւ օրինականության վիճակը: «Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելեւս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: