ՀՀ կառավարության համար տնտեսական աճի 7 տոկոս թիրախը շարունակում է պահպանվել, կառավարությունում դեռևս տեսնում են բավական պոտենցիալ՝ հասնելու այդ թիրախին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է, 5.3 տոկոսից նվազեցրել, հասցրել է 1.6 տոկոսի, հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի, ինչպե՞ս է լուծելու տնտեսական աճի վրա ազդեցությունները՝ հիշեցնելով թանկացումների մասին:
Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության տնտեսական աճի թիրախը 7 տոկոս է: «Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե ԿԲ-ն, թե Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մենք դեռևս բավական պոտենցիալ տեսնում ենք ՝ մեր տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում հասնելու այն թիրախներին, որը կառավարությունը դրել է իր առջև: Իհարկե, դա դժվարացել է այս նոր իրավիճակներում, բայց անհնարին չի դարձել: Մեր թիրախը դեռևս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,-ասաց Քերոբոյանը:
Նախարարը, սակայն, ընդգծեց, որ գնաճային ճնշումները մեծացել են: Նախորդ շաբաթ ԵԱՏՄ-ում բավականին լայն ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են, որը, ըստ նրա, օգնելու է, որ գնաճային ճնշումները նվազեն: «Բայց դա դեռ վերջը չէ, նոր ցուցակներ են գալիս, որոնք կրկին պետք է օգնեն գնաճային ճնշումները նվազեցնելու»,-նշեց Քերոբյանը: