Արցախում գազամատարակարումը վերականգնելու շուրջ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, սակայն դեռևս արդյունք չկա։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Մարտի 21-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ ունի բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։ «Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ ներկայումս էլ բանակցությունները շարունակվում են։ «Այս պահին որևէ նորություն չունենք, խնդրի կարգավորման համար ձեռնարկվող քայլերն առայժմ արդյունք չեն տվել, գազ չունենք»։
Ավանեսյանի խոսքերով՝ բնակչության մի մասը էլեկտրականության միջոցով է ջեռուցում ապահովում, գյուղերի բնակիչները փայտ են օգտագործում։ «Այնպես որ, պիտի հաղթահարենք, փորձենք հասկանալ, թե ինչպես ենք ապագայում նման իրավիճակները բացառում», - եզրափակեց նա։