00:00:00

«Ենթադրաբար, «Գռզո» մականունով գործարարը Խաչատուրյանի 60- ամյակի առիթով գիտական կոչում է նվիրել նրան, որը խիստ անհրաժեշտ կլինի նախագահի մահախոսականի համար». Սերժ Սրապիոնյան

17:09, 22 մարտ 2022

«Մտեք Տնտեսագիտական կամ Երևանի պետական համալսարան և հարցրեք, թե Վահագն Խաչատուրյանի, այսպես կոչված, տնտեսագիտական դասախոսության ընթացքում ի՞նչ գիտելիքների պաշար են ձեռք բերել նրա ուսանողները և ձեզ պարզ կլինի, թե ի՞նչ որակի տնտեսագետ է նա։ Իսկ թե ինչո՞ւ է նա որոշել 60-ն անց տարիքում տնտեսագիտության ոլորտում գիտական կոչում ձեռք բերել, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ըստ մամուլի՝ բոլորին հայտնի է տարիներ ի վեր նրա անխոնջ նվիրումը՝ ծառայելու «Գռզո» մականունով գործարարին և, ենթադրաբար, այդ մականունով գործարարը որոշել է Խաչատուրյանին 60- ամյակի առիթով գիտական կոչում նվիրել նրան, որը խիստ անհրաժեշտ կլինի նախագահի մահախոսականի համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է բանասեր, ՀՀ Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Սերժ Սրապիոնյանը։


Տեղեկացնենք, որ ՀՀ նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանին 2020 թվականին, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտում, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները Հայաստանի Հանրապետությունում (ընդերքի և ջրային ռեսուրսների օրինակով) թեմայով ատենախոսության պաշտպանությանը, «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան է շնորհվել։ Ընդ որում, նա թեկնածուականը պաշտպանել է որդուց հետո՝ այս իշխանությունների օրոք։

Սերժ Սրապիոնյանը հավելում է՝ դատելով Վահագն Խաչատուրյանի քաղաքական հայտարարություններից, հակված է կարծելու, որ 60 տարեկանում, վերջինիս կողմից գիտական կոչում ստանալու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել հետագայում կրթական թեզ ապահովել՝ նախագահի պաշտոնը ստանձնելու համար։ Ամենայն հավանականությամբ, օրվա իշխանությունները նախկին նախագահին հանդուրժեցին այնքան, մինչև հասունացավ հարմար պահը՝ Վահագն Խաչատուրյանին այդ պաշտոնում նշանակելու . «Երբ մարդը խոսում է տնտեսագիտական իր շնորհների մասին, բայց գտնում է, թե Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է խաղաղ գոյակցություն ապահովել, այսպիսով՝ Հայաստանի տնտեսությունը նվիրաբերելով թշնամիներին, ով, ի պաշտոնե, լինելով երկրի առաջին դեմքերից մեկը, արդեն օրեր շարունակ, որևէ հոդաբաշխ միտք չի կարողանում արտահայտել Արցախում՝ գազատարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ապա, ինձ համար պարզ է, թե նա ինչ որակի տնտեսագետ է»։

Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ Վահագն Խաչատուրյանին ճանաչել է դեռևս քաղաքապետ աշխատելու տարիներից և ծանոթ է վերջինիս թե՛քաղաքական հայացքներին, թե՛ մոտեցումներին. «Համենայն դեպս, Վահագն Խաչատուրյանի տնտեսագիտական հայտնություններից որևէ գյուտ, մինչև օրս, ինձ հայտնի չէ։ Նույնիսկ նրա հրապարակային ելույթներում չափազանց քիչ դեպքեր եմ մտաբերում, երբ նա տնտեսության մասին որևէ տեսակի մտքեր բարձրաձայներ, որոնք, սակայն, չլինելով տնտեսագետ, ես չէի ըմբռնում։ Այնուամենայնիվ, մեր տնտեսության վերաբերյալ այլ տնտեսագետների դատողություններում, մանավանդ վերջին չորսը տարիների ընթացքում դրա կործանմանը նպաստող հանգամանքների վերաբերյալ, ամենահասարակ մարդուն անգամ հասկանալի լեզվով բացատրողներ եղել են։ Հիանալի տնտեսագետ է Հրանտ Բագրատյանը, տնտեսագիտական գիտելիքներով և պրակտիկ հմտություններով փայլում է Թաթուլ Մանասերյանը, չխոսեմ՝ Բոստանջյանի տնտեսագիտական որակների մասին։ Սակայն, այս շարքում ես երբեք, որևէ անգամ չեմ տեսել տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի կողմից դրսևորած համապատասխան գիտելիքներն ու փորձը»։

Ամփոփելով զրույցը Սերժ Սրապիոնյանը նկատում է՝ Վահագն Խաչատուրյանը ձախաբեր քաղաքական գործիչ է, սովոր՝ անմնացորդ ծառայելու իր տերերին, դրա դիմաց՝ ստանալով որոշ փոխհատուցում.«Արդեն խոսեցինք նրա, այսպես կոչված, հովանավոր «Գռզո» մականունով գործարարի մասին։ Չի բացառվում, որ, օրինակ, Վահագն Խաչատուրյանի տված տնտեսագիտական անգին խորհուրդների շնորհիվ, այդ գործարարն, արդեն, պլանավորել է Ադրբեջանի հետ իր հետագա գործարար կապերը խորացնելու և ֆինասական մեծ ձեռքբերումներ ապահովելու սխեման։ Եվ, ահա, Հայաստանը Բաթումիի վերածելու տեսլականի հեռանկարով, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն իր ունեցած գիտելիքներն ու փորձը, որպես երկրի նախագահ, ի սպաս կդնի՝ Հայաստանի տնտեսության վերջնական կործանման և «Գռզո» մականունով գործարարի ֆինասական շահույթները կրկնապատկելու անարժանապատիվ գործին, որի առաքելությամբ էլ, ամենայն հավանականությամբ, նրա նշանակել են այդ պաշտոնին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր