Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել.
Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։
Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։
Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։
Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։
Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։